Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Վորոնին. «Մերձդնեստրի կարգավորումը տեսանելի է»


Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ լարված ու երկարատեւ քննարկումների արդյունքում հաջողվել է կազմել Մերձդնեստրի տասնհինգամյա հակամարտության կարգավորման մի նախագիծ, որը «երաշխավորում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը եւ անջատողականների համար ապահովում է լայն ինքնավարություն»:

Վորոնինը հույս է հայտնել, որ կարգավորման այս տարբերակը կողմերի համար ընդունելի կլինի: Ավելին, նրա կարծիքով, այն կարող է օգտակար լինել նաեւ մնացած սառեցված հակամարտությունների կարգավորման ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «արդյո՞ք Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը չի դրդի Ռուսաստանին պնդել, որ մնացած կոնիֆլիկտները նույնպես կարելի է այդ լուծել ճարապարհով», Վլադիմիր Վորոնինը պատասխանել է. - «Որեւէ հակամարտության լուծում չի կարող օրինակ ծառայել ուրիշների համար, որովհետեւ յուրաքանչյուր խնդիր իր արմատներն ունի»:

Մոլդովայի նախագահն ասել է, թե կարգավորման տարբերակը հաջողվել է կազմել ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի հետ վարած խորհրդակցությունների արդյունքում: Նա ասել է նաեւ, թե Ռուսաստան - ԱՄՆ եւ Ուկրաինա - Եվրամիություն ձեւաչափով քննարկումները նույնպես կարեւոր դեր են կատարել:

Վորոնինի խոսքերով, այս պահին՝ բացառությամբ Մերձդեստրի, բոլոր կողմերը ընդունելի են համարում մշակված տարբերակը:

Մոլդովայի նախագահը ասել է, որ կարգավորման գործընթացում հատկապես մեծ ներդրում ունի ԵԱՀԿ-ն: Պարզապես «այդ կառույցը կոնսենսուսի սկզբունքով է աշխատում, հետեւաբար, չի կարող պարտադրել որեւէ որոշում»:

«ԵԱՀԿ-ն ունի իր թերացումները, սակայն այն, ինչ ԵԱՀԿ-ն արդեն արել եւ անում է բոլոր կոնֆլիկտների կարգավորման համար, արդեն շատ լուրջ ու մեծ աշխատանք է, ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե էլ ո՞ր կազմակերպությունը կարող է այդքան միավորել բոլորին եւ բոլորի ուշադրությունը կենտրոնացնել քննարկվող խնդիրների վրա: Չկա նման կազմակերպություն», - ասել է Վորոնինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG