Մատչելիության հղումներ

Վրաստանում առկա լարվածության մեջ Միխեիլ Սահակաշվիլին ռուսական հետք է տեսնում


Վրաստանում առկա լարվածության մեջ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ռուսական հետք է տեսնում` «գործողությունները հրահրվում են Ռուսաստանից»: Այդ մասին նա հայտարարել է երեկ երեկոյան Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը միաժամանակ հեռարձակվել է վրացական բոլոր հեռուստաալիքներով:

Անդրադառնալով ընդդիմադիրների հիմնական` եկող տարվա ապրիլին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, Սահակաշվիլին, մասնավորապես, ասել է. - «Եթե մենք ընտրություններն անցկացնենք գարնանը` նույն ժամանակ, երբ Ռուսաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, դա մեր քաղաքականության համար մեծ ռիսկ կլինի: Նրանք կարող են Վրաստանի իրադարձությունները օգտագործել իրենց քաղաքական խաղերի համար»:

Նա նշել է, որ հիմա էլ ռուսաստանյան հեռուստաընկերությունները անընդհատ ցուցադրում են Թբիլիսիի հանրահավաքը` «կարծես աշխարհում այլ բան չի կատարվում»:

Բացի այդ, շարունակել է Սահակաշվիլին, «հունվարին որոշվելու է Կոսովոյի կարգավիճակի հարցը, եւ, հավանաբար, Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքը կպաշտպանեն Կոսովոյի անկախության դիրքորոշումը, իսկ ռուսական կողմից ասվել է, որ եթե Կոսովոյի անկախությունը ճանաչվի, ապա մինչեւ Ռուսաստանի ընտրությունները իրենք էլ կճանաչեն Աբխազիայի անկախությունը»:

«Կարծես թե ամեն ինչ այնպես է պլանավորված, որ ընտրություններից առաջ Վրաստանը հայտնվի շատ ծանր իրավիճակում: Եվ մենք` ես, [խորհրդարանի խոսնակ] Նինո Բուրջանաձեն, բոլորս միասին, որոշեցինք փոխզիջումային քայլ կատարել», - ասել է Վրաստանի նախագահը` պարզաբանելով. - «Նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2009-ի ապրիլին, բայց ես որոշեցի կես տարով կրճատել իմ նախագահական լիազորությունների ժամկետը»:

«Միջազգային քաղաքականությունում սա աննախադեպ է. ոչ ոք այսպիսի քայլ չի անում, ընդհակառակը` հանրաքվեներով եւ այլ ձեւերով ընդլայնում են իրենց նախագահական լիազորությունները, իսկ ես կրճատում եմ իմ լիազորությունների ժամկետը եւ, միաժամանակ, երկարացնում խորհրդարանի լիազորությունների ժամկետը», - շեշտել է Սահակաշվիլին:

«Մենք բոլորս ընդունել ենք, որ խորհրդարանական ընտրությունները եկող տարվա գարնանը անցկացվելու փոխարեն անցկացվեն աշնանը: Որոշվել է միաժամանակ անցկացնել ե’ւ նախագահական, ե’ւ խորհրդարանական ընտրությունները: Իսկ հիմա, երբ պահանջում են վերադառնալ հին ժամկետին, ինչո՞ւ մարդկանց չեն ասում, որ կրճատվել է նախագահի լիազորությունների ժամկետը», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին` ամփոփելով. - «Ես դա ասում եմ որպես մի նախագահ, որը կրճատել է իր նախագահական առաջին ժամկետը»:

Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի անցկացվելիք ընտրություններում ինքը կվերընտրվի Վրաստանի նախագահի պաշտոնում:

Սահակաշվիլիի հեռուստահարցազրույցին ընդդիմադիրները պատասխանել են խորհրդարանի շենքի առջեւ բողոքի լայնամասշտաբ ակցիային մասնակցելու` ժողովրդին ուղղված կոչով:

«Ռեգնում» գործակալության վկայությամբ, նրանք բացասաբար են արձագանքել իրենց գործողություններում ռուսական հետքի առկայության վերաբերյալ Սահակաշվիլիի հայտարարությանը, մեղադրել են նրան ստելու մեջ եւ ստեղծված իրավիճակից լավագույն ելքը համարել են նախագահի հրաժարականը:

Ընդդիմադիրները մտադիր են բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ երկրով մեկ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG