Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Բուշը օրերս հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ակնկալում է «լավ եւ հիմնավոր» քննարկում հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններից թուրք զինվորների վրա քուրդ զինյալների հարձակումները կանխելու հնարավոր ուղիների շուրջ:

Թեեւ Վաշինգտոնն ընդունում է ահաբեկիչներից պաշտպանվելու Թուրքիայի իրավունքը, սակայն, միաժամանակ, սկզբունքորեն ընդդիմանում է Իրաքի հյուսիսում միակողմանի լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի ծրագրերին, համոզմունք հայտնելով, որ դա է’լ ավելի կապակայունացնի իրավիճակը Իրաքում:

Պաշտոնական Անկարան, իր հերթին, համոզված է, որ Թուրքիայի, Իրաքի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը համատեղելու` ամերիկյան կողմերի առաջարկը մինչ այժմ արդյունավետ չի եղել:

Ամերիկացի որոշ վերլուծաբանների կանխատեսումներով` Միացյալ Նահանգների վարչակազմը եւ նախագահ Ջորջ Բուշը այսօր շատ քիչ բան կարող են անել` Իրաք ներխուժելու Թուրքիայի ծրագրերը կանխելու համար:

Մասնավորապես, Վաշինգտոնի քաղաքական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Թեդ Քարփընթերը, մատնանշելով, որ ներկայումս Թուրքիայում իշխանությունների, զինվորականության եւ բնակչության միջեւ փոխհամաձայնություն կա քուրդ զինյալների վերջին հարձակումներին վճռական հակահարված տալու հարցում, համոզմունք է հայտնել, որ այժմ պարզապես հնարավոր չէ այդ ծրագրերը կասեցնել: Ըստ նրա, առավելագույնը, ինչ այսօր կարող է ակնկալել Ջորջ Բուշը` հյուսիսային Իրաք Թուրքիայի «սահմանափակ» ներխուժումն է:

Վերլուծաբանը հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի օրերս արած այն հայտարարությունը, թե Իրաքի սահմանը հատելու դեպքում թուրքական զորքերը կփորձեն խուսափել տեղի քրդական վարչակազմի հետ առճակատումից: Սակայն այս դեպքում էլ, ընդգծել է Քարփընթերը, ամեն ինչ կախված է նրանից` արդյոք քրդերը որեւէ ներխուժում կհամարե՞ն «սահմանափակ»:

Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ, որքան ավելի թուրքական զորքերը խորանան Իրաքի տարածքում եւ որքան երկար մնան այնտեղ` այնքան մեծանալու է տեղական քրդական իշխանությունների հետ ընդհարվելու վտանգը:

Քարփընթերը նաեւ կարծիք է հայտնել, որ Բուշը Թուրքիայի նկատմամբ որոշակի ազդեցության լծակ կարող է ձեռք բերել Ֆրանսիայի միջոցով` համոզելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին փոխել իր բացասական դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Այդուհանդերձ, ամերիկացի վերլուծաբանը այնքան էլ հավանական չի համարել, թե դա ԱՄՆ-ի նախագահին կհաջողվի:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG