Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը սկսեց քննարկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագիծը


Ուրբաթ օրը Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի քննարկումը:

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այդ օրինագծի «ե’ւ գաղափարը [գաղափարի հեղինակը], ե’ւ մշակողը» ինքն է, եւ «որեւէ մեկը սրա հետ որեւէ առնչություն չունի»:

Հայաստանում նախադեպը չունեցող այս մարմինը, ինչպես ներկայացրեց Դանիելյանը, «իրավասու է քննել այնպիսի քրեական գործեր, որոնք հասարակությունում մեծ հնչեղություն ունեն, առնչվում են պաշտոնատար անձանց կարգավիճակի հետ»: Այնսինքն` քննելու է օրենսդիր, գործադիր, դատական մարմինների պաշտոնյաների հանցագործությունները, ինչպես նաեւ` ընտրական խոշոր հանցագործությունները:

Խորը տարաձայնությունների, նաեւ քաղաքական մեկնաբանությունների տեղիք է տալիս ստեղծվելիք ծառայության պետի նշանակման հարցը:

«Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացնում է թեկնածություն, եւ հանրապետության նախագահը նշանակում է Քննչական ծառայության պետին», - նախագծով նախատեսված կարգը ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը:

Հարակից զեկուցող` խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, մինչդեռ, այլ կերպ է մտածում. - «Վարչապետը առաջարկում է, հանրապետության նախագահը նշանակում է»:

Հարությունյանի կարծիքով` «անընդունելի» է ծառայության պետի նշանակումը գլխավոր դատախազի առաջարկությամբ. - «Անընդունելի է հետեւյալ պատճառով. նախ` գլխավոր դատախազը պետք է իրականացնի հսկողությունը դատախազության նկատմամբ` հենց այս մարմնում: Ինչքանո՞վ արդյունավետ կլինի հսկողությունը, եթե ինքը մասնակցել է այդ մարմնի ղեկավարի նշանակմանը»:

Արդարադատության նախկին նախարարը նաեւ անընդունելի է համարում ընդդիմադիր պատգամավորների առաջարկությունները, որ ծառայության պետի թեկնածությունն առաջարկի Ազգային ժողովը` փաստարկելով, թե «նման լիազորությունը Սահմանադրությունը չի ընձեռում»:

Խնդրո առարկա մարմնի` այս ձեւով ստեղծմամբ անհանգստացած են հատկապես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները: Հատկապես` նախագահական ընտրությունների նախաշեմին:

«Արդյո՞ք սա այն մարմինը չէ, որին պետք է Ազգային ժողովը նշանակի», - Դանիելյանին հարցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ստանալով բացառող պատասխան:

Գեւորգ Դանիելյանը նաեւ չհամաձայնեց դիտարկմանը, թե այս նոր մարմնի ստեղծման շարժառիթը դատախազության քննչական վարչության լուծարումն է (դեկտեմբերի 1-ից), թեեւ քննարկվող օրինագծի ուժի մեջ մտնելու ժամկետն էլ հենց դեկտեմբերի 1-ն է:

Ի պատասխան «Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչո՞ւ է ստեղծվելիք մարմնի լիազորությունների շրջանակում, բացի պաշտոնյաների հանցագործությունները քննելուց, ընդգրվել նաեւ ընտրական հանցագործությունների հետ կապված գործերի քննությունը, Դանիելյանը արձագանքեց, թե «մի շարք երկրների օրենսդրություններում նաեւ ընտրական իրավունքի որոշ խախտումներ վերապահված են հատուկ քննչական մարմիններին»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը առանձին հանդիպում խնդրեց օրինագծի հեղինակի հետ: Խնդրանքը բավարարվեց:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG