Մատչելիության հղումներ

logo-print

Վրաց ընդդիմադիրները զանգվածային հանրահավաք են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում


Վրաստանի ընդդիմությունը այսօր մեծ հանրահավաք է անցկացնում Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ:

Lրատվամիջոցների փոխանցմամբ, հանրահավաքի սկզբում Ռուսթավելի պողոտայում արդեն 2-3 տասնյակ հազար մարդ էր հավաքվել, մարդկանց հոսքը շարունակվում է: Ընդդիմությունն ակնկալում է, որ նրանց թիվը կհասնի 100 հազարի:

Ընդդիմության կողմնակիցները արդեն գիշերվանից էին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ: Ռուսթավելի պողոտայում դադարեցված է երթեւեկությունը: Ոստիկանության պարեկային ծառայությունը շրջափակել է պողոտային միացող բոլոր փողոցները, մոտակա դպրոցներում դադարեցվել են դասերը:

Հանրահավաքն անցնում է «Վրաստանը` առանց նախագահի» կարգախոսի ներքո:

Միացյալ ընդդիմությունը, որի կազմում են շուրջ մեկ տասնյակ քաղաքական կուսակցություններ եւ դաշինքներ, նախագահ Սահակաշվիլիից պահանջում է հրաժարական տալ եւ 2008 թվականի ապրիլին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմությունը նաեւ պահանջում է փոխել խորհրդարանական ընտրությունների անցկացման սկզբունքները` համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին, եւ ազատ արձակել «քաղբանտարկյալներին», որոնք, ընդդիմադիրների պնդմամբ, պահվում են վրացական բանտերում:

Վրաստանի իշխանությունները համաձայն են ընտրությունների սկզբունքների շուրջ բանակցությունների նստելու առաջարկին, սակայն կտրականապես դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նրանք նաեւ հերքում են, թե երկրում քաղբանտարկյալներ կան:

Ընդդիմադիրները վստահեցրել են, որ հանրահավաքը խաղաղ է լինելու, եւ այսօր «գունավոր հեղափոխություն» ծրագրված չէ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG