Մատչելիության հղումներ

Հոլիվուդի սցենարիստները ... գործադուլ են հայտարարում


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը Լոս Անջելեսից հաղորդում է, որ կինո- եւ հեռուստասցենարների հեղինակները երեկ գործադուլ են հայտարարել: Հոլիվուդի սցենարիստները կինոֆիլմեր նկարահանող ընկերություններից եւ հեռուստակայաններից պահանջում են բարձրացնել հոնորարները:

Գրողները բուռն ծափահարություններով են ողջունել գործադուլի մասին Ամերիկայի գրողների գիլդիայի (միության) նախագահ Փաթրիք Վերոնեի հայտարարությունը:

«Եթե միության գերիշխող մեծամասնությունն է սատարել այդ որոշմանը, ուրեմն, իրոք, վիճակն այլ քայլ չէր ենթադրում», - ասել է «Կորուսյալները» հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր Քարլթոն Քյուզը:

Միաժամանակ, «Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ գործադուլը բնավ չի նշանակում կինո- եւ հեռուստաարտադրության դադար, քանի որ արդեն նկարահանման ընթացքում են բազմաթիվ սցենարներ: Դրանց թիվը բավարար է կինո- եւ հեռուստաարտադրությունը առնվազն մինչեւ 2008 թվականի առաջին ամիսները շարունակելու համար:

Գեղարվեստական եւ հեռուստատեսային կինոնկարների արտադրության միության նախագահ Նիք Քաունթերն ասել է, թե սցենարիստների գործադուլի որոշումն արտադրողների համար անակնկալ չէր, կոնֆլիկտը վաղուց էր հասունացել:

«Մենք պատրաստ էինք դրան եւ մտադիր ենք այս շաբաթավերջին խզել պայմանագրերը սցենարիստների հետ», - ասել է Քաունթերը:

WGA ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ջեֆ Հերմանսոնը հույս է հայտնել, որ սցենարիստներն ի վերջո կհամաձայնեն շարունակել բանակցությունները:

Առաջին անգամ Ամերիկայի գրողների գիլդիան գործադուլ էր հայտարարել 1988 թվականին:

Միության անդամների թիվը ներկայումս շուրջ 12 հազար է: Նրանց շուրջ 10 տոկոսը դեմ է գործադուլին:

«Շատ տխուր վիճակ է, երանի բանը սրան չհասներ: Այնուամենայնիվ, ես պարտավոր եմ միանալ ընկերներիս եւ պաշտպանել որոշումը», - ասել է, մասնավորապես, ամերիկյան հեռուստատեսության վետերան սցենարիստ Ջենիս Հիրշը եւ հավելել. - «Այսօր, թերեւս, գործադուլն անհրաժեշտություն է դարձել»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հայտնում է, որ առանցքային հարցը տեսասկավառակների վաճառքից եւ ինտերնետային հեռարձակումից ստացվող եկամուտն է: Գրողները պահանջում են իրենց բաժինը հասցնել 40 տոկոսի, քանի որ նոր տեխնոլոգիաների եւ ֆորմատների միջոցով սպառվող արտադրանքի ծավալը հետզհետե աճում է:

«Ժամանակին գրողները թերագնահատել են կինո- եւ հեռուստաարատադրանքը VHS տեսաերիզով վաճառքի հանելու հնարավորությունը, այսօր նրանք չեն ուզում կրկնել սխալը», - ասել է մեկնաբան Գերի Ջենթիլը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG