Մատչելիության հղումներ

Միջազգային շուկաներում արձանագրվել է ամերիկյան դոլարի փոխարժեքի անկում, որը, մասնագետների համոզմամբ, առաջիկայում կշարունակվի: ԱՄՆ-ի կենտրոնական բանկը (Federal Reserve) տնտեսությունն աշխուժացնելու եւ, մասնավորապես, անշարժ գույքի շուկայում ի հայտ եկած լճացումը կասեցնելու համար 0.25 տոկոսով իջեցրել է տոկոսադրույքը` այն հասցնելով 4.5 տոկոսի: Բանկը վերջին ամիսներին արդեն երկրորդ անգամ է դիմել այդ քայլին:

Ըստ մասնագետների, տարադրամի փոխարժեքի զգալի անկմանը սովորաբար հաջորդում է աննշան վերականգնումը: Վաշինգտոնից ստացված լուրից հետո 1 եվրոյի գինը կազմել է 1.4503 ԱՄՆ դոլար, ապա փոքր-ինչ իջել է եւ երեկ երեկոյան 1.4434 էր:

«ՍՄՍ» բրիտանական ֆինանսական վերլուծական կենտրոնի մասնագետ Ջեյմս Հյուզի համոզմամբ, ֆինանսական աշխարհում առաջիկայում հնարավոր են տարբեր զարգացումներ, սակայն առավել հավանականը կլինի մինչեւ տարեվերջ տոկոսադրույքի նոր իջեցումը:

Որոշ մասնագետներ պնդում են, որ ամերիկյան դոլարի փոխարժեքի անկումը առողջարար է ճգնաժամ ապրող ամերիկյան տնտեսության համար: Նրանց կարծիքով, եվրոյի նկատմամբ նույնիսկ այսօրվա 1.44 եւ 1.45 կուրսը բարձր է եւ հաջորդ տարեսկզբին կհասնի 1. 50-ի:

Դոլարի թուլացմանն է նպաստում նաեւ միջազգային հումքային շուկաներում ածխաջրածնայինների գնի աճը:

Ամերիկյան տարադրամի վրա ճնշող գործոն է նաեւ Եվրոպական միության տարածքում տնտեսական աճը: Եվրոպական կենտրոնական բանկը վերջին ժամանակաշրջանում հետեւողականորեն բարձրացնում է տոկոսադրույքը, ինչն էլ ավելի է ամրապնդում եվրոյի դիրքը:

Մասնագետներն ասում են, որ դոլարի ցածր կուրսը նպաստում է ամերիկյան ապրանքների արտահանմանը եւ առեւտրային դեֆիցիտի կրճատմանը:

Լավատես վերլուծաբանները հավատում են, որ վաղ թե ուշ ամերիկյան տարադրամը «կապաքինվի»:

Եվրոպական երկրներում շատերն են դժգոհությամբ արձագանքում եվրոյի հզորացմանը, քանի որ եվրոպացի արտահանողների արտադրանքը բարձր գնի հետեւանքով ամերիկյան եւ ասիական շուկաներում դառնում է անմրցունակ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG