Մատչելիության հղումներ

«Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին հայերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքները ազատագրելու գործում», - ադրբեջանցի մի խումբ լրագրողների այսօր ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Ադրբեջանը եղբայրական երկիր է», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահը: - «Մենք լավ համագործակցություն ունենք ռազմական ոլորտում: Մենք միշտ Ադրբեջանի հետ ենք»:

Հարցին, թե արդյո՞ք քննարկվում են Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վերանայելու, նոր պայմանագրեր ստորագրելու հնարավորությունները, Գյուլը պատասխանել է, թե չի կարող բացառել, որ պայմանագրերը կվերանայվեն:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «անհրաժեշտ է միասնական դիրքորոշում ցուցաբերել հայերի դեմ պայքարելու համար»` հավելելով, թե այդ պայքարը պետք է տարվի ոչ թե Թուրքիայի ներսում, այլ «համաշխարհային քաղաքականությունը որոշող աշխարհի առաջատար երկրներում»: Գյուլը նաեւ ասել է, որ այլ երկրներում գործող թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունները պետք է «համատեղ աշխատեն, միավորեն իրենց ջանքերը»:

«Աշխարհը պետք է ամբողջովին տեղեկացված լինի ծանր վիճակում գտնվող երկրի մասին, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների, նրանց ողբերգության եւ օկուպացիայի ենթարկվելու փաստի մասին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը` հավելելով, թե «հասարակական կազմակերպությունները այս ուղղությամբ կարող են ավելին անել, քան քաղաքական եւ պետական կազմակերպությունները»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG