Մատչելիության հղումներ

ԱԺՄ-ն դատապարտում է իրավապահների գործողությունները տեղեկատվական երթի մասնակիցների նկատմամբ


Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության վարչությունը այսօր տարածած հայտարարությամբ «խստիվ դատապարտում» է հոկտեմբերի 23-ին Երեւանում տեղեկատվական երթի մասնակիցների նկատմամբ իրավապահների կատարած գործողությունները եւ «օրենքի ճշգրիտ եւ խիստ իրականացումը տվյալ դեպքի կապակցությամբ»:

Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքերին եւ դրանց հաջորդող զարգացումներին, որոնք «ակնհայտորեն միտված չեն իրական մեղավորներին բացահայտելուն եւ պատժելուն», կուսակցության վարչությունը նշում է. - «1988 թվականից (երբ ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքները պաշտպանելու համար) մինչեւ այժմ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պաշտպանված չեն մարդու իրավունքները, ոտնահարվում են օրենքները եւ իշխանությունները այդ միջոցներով փորձում են անընդհատ վերարտադրվել: Ծեծի եւ անօրինական հալածանքների են ենթարկվում սովորական քաղաքացիներ, քաղաքական գործիչներ եւ հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ: Վերջերս նույնանման դեպք տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին, երբ Երեւանի Կենտրոն համայնքի մայթերով կազմակերպված էր ոչ զանգվածային տեղեկատվական երթ: ՀՀ ոստիկանության Երեւանի քաղվարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի գլխավորությամբ ոստիկանությունը Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի գետնանցման մուտքի մոտ ծեծ ու ջարդի է ենթարկել կանանց, անչափահասների, ինչպես նաեւ թերթերի խմբագիրների եւ կուսակցությունների ղեկավարների: Բռնություններ են կիրառվել նաեւ իր մասնագիտական պարտքը կատարող լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ, որն ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: Ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 11 քաղաքացի»:

«ԱԺՄ վարչությունը խստիվ դատապարտում է երթի մասնակիցների նկատմամբ կատարած գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները եւ պահանջում է օրենքի ճշգրիտ եւ խիստ իրականացումը տվյալ դեպքի կապակցությամբ», - ասված է հայտարարությունում: - «Միեւնույն ժամանակ Ազգային ժողովրդավարական միությունը վերահաստատում է իր այն խորը համոզվածությունը, որ միայն իրական ժողովրդավարական պետության շրջանակներում, որտեղ իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից եւ պատասխանատու է ժողովրդի առջեւ, հնարավոր կլինի ձերբազատվել այդ երեւույթներից, որոնք, ցավոք սրտի, մեր պետությունում սկսել են կրել ավանդական բնույթ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG