Մատչելիության հղումներ

logo-print

«Բարգավաճ Հայաստան»-ը հավանություն տվեց Իշխան Զաքարյանի թեկնածությանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այսօր կայացած նիստում հավանություն տվեց խմբակցության անդամ, խորհրդարանի ներկայիս փոխնախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

Զաքարյանի թեկնածությունը չորեքշաբթի օրը Ազգային ժողովին է ներկայացրել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը խորհրդարանը քննարկելու է ուրբաթ օրը հրավիրված արտահերթ նիստում:

Կոալիցիոն հուշագրով «Բարգավաճ Հայաստան»-ին հատկացված` խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում, որը թափուր կմնա Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելու դեպքում, խմբակցությունը որոշեց առաջադրել Արեւիկ Պետրոսյանին, ով ներկայումս գլխավորում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովը:

Հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան»-ը որոշեց առաջադրել Մխիթար Մնացականյանի թեկնածությունը:

Իշխան Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը: Ներկայումս նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG