Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, գրում է. - «Եթե Ռոբերտ Քոչարյանը պիտի նախկին իշխանությունների օրոք կատարված քրեական հանցագործությունների մասին հիշեցնի, ապա նրա դիրքերը, մեղմ ասած, շատ խախուտ են, որովհետեւ անպայման հարց կառաջանա` եթե տեղյակ էիք կատարված քրեական հանցագործությունների մասին, ինչո՞ւ ժամանակին չէիք հայտնում իրավապահներին»:

«Նախագահ Քոչարյանը, հավանաբար, որոշեց մասնակցել Հայաստանում կազմակերպվող բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցառումներին` միայն մի նպատակով. հակադարձել Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթին», գրել է այսօր «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը ու մեջբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելութում հնչած հետեւյալ հարցերը. - «Ճի՞շտ է, որ 10 տարում բենզինը թանկացել է 2,2 անգամ, դիզվառելիքը` 2 անգամ, ջրամատակարարումը եւ հեռախոսավարձը` 3,5 անգամ: Ճի՞շտ է, որ իշխանությունների գրպանում հայտնված բյուջեն անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանի պետական բյուջեն: Ճի՞շտ է, որ սեփականության բաշխման, մենաշնորհային արտոնությունների շնորհման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման հարցերը լուծվում են նախագահի եւ վարչապետի գրասենյակներում»։ Այս հարցերը թվարկելով, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը հույս է հայտնել, որ «հաջորդ անգամ նախագահը կանդրադառնա նաեւ այս հարցերին»:

«Հայոց Աշխարհ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, հասցեագրել է. - «Դատելով ամենից` մեզանում փոխվում է ամեն ինչ, բացի «պարկեշտ մարդ» հասկացությունից: Իսկ պարկեշտությունը որոշվում է մեկ չափանիշով. հայհոյո՞ւմ ես արդյոք իշխանությանը։ Ըստ որում, իշխանությունը պարտավոր է լուռ ու երախտագիտությամբ լսել «պարկեշտ մարդկանց» հայհոյանքն ու ոչ մի դեպքում չփորձել գոնե ինչ-որ կերպ պատասխանել։ Օրինակ, երբ «պարկեշտ մարդ» Տեր-Պետրոսյանը մեկուկես ժամ շարունակ հայհոյում ու վիրավորում է հանցավոր վարչախմբին, դա նորմալ է։ Դա կարելի է արտատպել հհշական թերթերում ու անգիր անել, ինչպես դասականների բանաստեղծությունները։ Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը մեկ նախադասությամբ մեկնաբանում է վերջին շրջանում ՀՀՇ-ի դրսեւորած ակտիվությունը, ապա դա արդեն, ազատագրական շարժման ակտիվիստների կարծիքով, անթույլատրելի է։ Եվ սկսում են «պապայական» տոնով դասախոսություններ կարդալ, թե ինչ ասելու եւ անելու իրավունք ունի նախագահը»։

«Հայկական ժամանակ»-ը «Օրակարգ» խորագրի ներքո փոխանցել է. - «Այն լուրը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է իր գրասենյակի մի մասը հատկացնել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբին, հակասական արձագանք է գտել ֆուտբոլասերների շրջանում եւ տհաճ զգացողություններ առաջացրել»։ «Բայց այստեղ խնդիրը ոչ միայն զգացմունքային է այլեւ՝ սկզբունքային» , - գրել է թերթն ու բացատրել. - «Բանն այն է, որ միջազգային ֆուտբոլային հանրությունը՝ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի գլխավորությամբ, ամեն ինչ անում է՝ ապաքաղաքական մնալու համար, եւ ֆուտբոլային կազմակերպությունների համար անթույլատրելի է համարվում քաղաքականացվելը»։ «Այդ կապակցությամբ արդեն իսկ մեծ թվով հայ ֆուտբոլասերներ մտադրվել են նամակով դիմել ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին՝ իրենց բողոքը արտահայտելու համար տեղի ունեցողի կապակցությամբ», - գրել է թերթն ու կոնկրետացրել. - «Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, նա մտադրվել է իր կենտրոնական շտաբը ՀՖՖ շենքում տեղադրել ոչ թե ֆուտբոլի նկատմամբ ունեցած մեծ սիրո, այլ այն պատճառով, որ սա ՀՀՇ-ի նախկին գրասենյակն է»։

Նույն թեմային անդրադառնալով, «Հայք»-ը փոխանցել է, թե «նախօրեին ՖԻՖԱ-ն Քուվեյթի ֆուտբոլի հավաքականին զրկել է պաշտոնական հանդիպումներին մասնակցելու իրավունքից, քանի որ այդ երկրի իշխանությունները միջամտել են Քուվեյթի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աշխատանքին»։ «Նույն հեռանկարն է սպասվում Հայաստանի հավաքականին, քանի որ Սերժ Սարգսյանը իր նախընտրական շտաբը տեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ չի կարողացել ընդդիմանալ Սերժ Սարգսյանի ցանկությանը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG