Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը արձագանքել է անցած շաբաթավերջին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որում վերջինս խիստ քննադատության էր ենթարկել ներկա իշխանություններին:

«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն: Հենց այդ չարությունը ժամանակին կործանեց ՀՀՇ-ին», - «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Երեւանում կառուցված հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո միջոցառմանը հրավիրված` հիմնականում հեռուստաընկերությունները ներկայացնող լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Բովանդակության վերաբերյալ` ամբողջ միտքը հետեւյալն էր, որ` «մեր ժամանակ լավ էր, հիմա վատ է»»:

«Կարծում եմ, ժողովուրդը լավ հիշում է` կյանքի որակը երբ եւ ինչպիսին էր: Բայց կա մի շատ պարզ տարբերակ գնահատելու` ով ոնց է աշխատում ընդհանրապես կյանքում. պաշտոնն ստանձնելու պահին ինչ վիճակ է եղել, ինչ է ժառանգել` այսպես ասենք, եւ պաշտոնը հանձնելու պահին ինչ վիճակ է ունեցել: Դա ե’ւ գործարանի տնօրենին է վերաբերում, ե’ւ ֆերմերային տնտեսության ղեկավարին, ե’ւ նախագահին եւ իշխող կուսակցությանը», - շարունակեց նախագահը: - «ՀՀՇ-ն իշխանություն ստացավ 1990 թվականի օգոստոսին: Հայաստանը այն ժամանակ դեռ եղել է Սովետական Միության ամենից զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը եւ ունեցել է եւս բավական զարգացած գյուղատնտեսություն: 3-4 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է աշխարհի ամենից աղքատ երկրներից մեկը: Իհարկե, պարզ է, որ Սովետական Միության փլուզման հետ որոշակի կորուստներ պետք է լինեին: Ես գնահատում եմ այդ կորուստների ծավալը հնարավոր 15-20 տոկոսից ոչ ավել` առաջին 2-3 տարվա համար: Հետագայում այդ կորուստները պետք է լրացվեին նոր ծրագրերով` նոր ներդրումային մոտեցումներ որդեգրելով: Այդպես եղավ Բալթյան երկրներում, այդպես եղավ Բելառուսում, մասամբ` Ուկրաինայում»:

«Հայաստանում մի քանի տարվա ընթացքում ուղղակի ավերվեց արդյունաբերությունը: Այսօր կարելի է պարզ ասել հետեւյալը. ստացել են, ըստ էության, նորմալ իրավիճակ, հանձնել են` ինձ կոնկրետ, 1998 թվականին, ավերված տնտեսություն ունեցող երկիր, մի երկիր, որը, կրկնում եմ, դասակարգվում էր միջազգային կառույցների կողմից, ինստիտուտների կողմից իբրեւ աշխարհի ամենից աղքատ երկրների շարքում գտնվող պետություն», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Հիմա պետք է համեմատենք` ինչ վիճակ ենք ունեցել 1997 թվականին, եւ ինչ վիճակ ունենք այսօր, երբ այսօրվա բյուջեն նույնն է, մի քիչ ավելի մեծ, քան այն ժամանակվա համախառն ներքին արդյունքը»:

«Կարծում եմ, ուղղակի, տնտեսության մասին պետք է խոսեն մարդիկ, որոնք գոնե մի քիչ հասկանում են առարկան», - եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG