Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. - «Դա հերոսական աշխատանքի տարիներ էին»


1991-1992 թվականների Հայաստանի կառավարության նախագահի պաշտոնակատար, իսկ 1993-1996 թվականներին Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանը, «հերոսական աշխատանքի տարիներ» բնորոշեց անցած դարի 90-ականները:

«Հիմա արդեն ակնհայտ է, որ հենց մեր իշխանությունը 24 ժամ հոսանք տվեց. պատերազմի ավարտից անմիջապես հետո` 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Դրանից 3 տարի հետո է այսօրվա ռեժիմը իշխանության եկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում ասաց նախկին վարչապետը:

«Չարությունից է, որ մարդիկ չեն հիշում, թե իրականում դրանք ինչ տարիներ էին», - հավելեց նա: - «Երբ երկրի այսօրվա ղեկավարը ասում է, թե այն տարիների թալանը կհիշեցնենք, ես այսպես եմ ընկալում. ընդհանրապես նման տոնով խոսում է այն մարդը, ով դրանով է զբաղվում»:

Բագրատյանը հիշեցրեց, որ Գորիս - Ստեփանակերտ ճանապարհը կառուցվեց-ավարտվեց հիմնականում 1997 թվականին. - «Այսքան շինարարությունը գովում են [ներկա իշխանությունները]... այսքան շինարարություն արվում էր, բայց աղետի գոտում էր արվում այդ ծանր տարիներին»:

«Միայն Ղարաբաղում եթե ես երեք հատ զորանոց-քաղաք չկառուցեի, ապա հիմա Գյումրիում աղետի գոտու պրոբլեմ չէր լինի: Զորանոց-քաղաքներ, որոնց մասին դուք տեղյակ չեք», - շարունակեց նա` հավելելով, թե ներկա իշխանությունները դա «ոչ թե մոռացել են, այլ կանխամտածված սուտ են ասում»:

«1993 թվականին կառուցվել է 358 հազար քառակուսի մետր Գյումրի, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում: 2006 թվին` 13 տարի հետո, կառուցվել է ճիշտ այդքան, բայց` Երեւանի կենտրոնում: Եվ կառուցվել է իրենց համար, որ վաճառեն: Հիմա էլ հեքիաթի պես ասում են, թե աղետի գոտու հարցը Գյումիում լուծվել է, երբ որ 30 հազար ժամանակավոր տնակ կա», - ասաց Հրանտ Բագրատյանը` շարունակելով. - «Դա հերոսական աշխատանքի տարիներ էին: Դա նախ եւ առաջ մեր մաքառումն էր մեր ազգի արժանապատվության, Ղարաբաղի մեր հայրենակիցների համար: Հերոսական տարիներ էին նաեւ շինարարության առումով` աշխարհում առաջին անգամ պատերազմի մեջ գտնվող պետությունը վերագործարկեց ատոմակայանը»:

Խոսելով տնտեսության մասին` նախկին վարչապետը ասաց. - «Նախ, պարոն Քոչարյանը ճիշտ չի ասել, որովհետեւ 2,5 միլիարդ [դոլար] բյուջեի մեջ մտցված է կենսաթոշակային ֆոնդը... Երկրորդը` պիտի ասեմ, որ 2,5 միլիարդ թիվ գոյություն չունի, որովհետեւ 2008-ի բյուջեում [փոխարժեքի] կուրս չկա: Ուրեմն` ելնենք նրանից, որ 2008-ի բյուջեն 810 միլիարդ դրամ է: Այդ 810 միլիարդանոց բյուջեն մենք կարող ենք համեմատել 96-ի բյուջեի հետ: Եթե այն բյուջեի մեջ մենք սկսում ենք մտցնել նաեւ սոցապը եւ այլն, ապա 200 միլիարդից [դրամ] ավելի է ստացվում: Եթե 96-ը մենք համեմատում ենք 2008-ի հետ, ընդհանուր ինֆլյացիան հաշվում ենք, միայն արժեզրկումը` 80 տոկոս է: Այսինքն` 220 միլիարդը հաշվեք 400-450 միլիարդ»:

Թեեւ նախկին վարչապետը, իր խոսքերով` «ակնկալիքներ չունի», սակայն ասաց, որ «ջերմորեն կպաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»:

«Մի մտավորական, մի բարի մարդ լինի երկրի ղեկավարը», - իր ցանկությունը բարձրաձայնեց Հրանտ Բագրատյանը: - «Հավատացեք ինձ` կարեւոր է»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG