Մատչելիության հղումներ

Տոլյատիում ավտոբուսի պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել


Այսօր առավոտյան ռուսաստանյան Տոլյատի քաղաքում երթուղային ավտոբուսի պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել, եւս 48-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:

Ներքին գործերի Սամարայի մարզային վարչությունից հաստատել են, որ պայթյունը հետեւանք է շուրջ մեկ կիլոգրամ տրոտիլ հզորությամբ պայթուցիկ սարքի գործադրման: Իրավապահները չեն բացառում, որ պայթուցիկ սարքը եղել է ուղեւորներից մեկի մոտ:

Սամարայի նահանգապետ Վլադիմիր Արտյակովը լրագրողներին փոխանցել է, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, զանգվածային սպանության եւ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր պահելու հատկանիշներով:

Կրեմլի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պովոլժիեի դաշնային օկրուգում իր լիազոր ներկայացուցչին հանձնարարել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, առաջին հերթին` տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG