Մատչելիության հղումներ

Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը արտակարգ նիստում քննարկել է երեկվա միջադեպը


Երեկ ուշ երեկոյան Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց էր` Գանմուխուրի գյուղի միջադեպը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հաղորդել էր, թե Աբխազիայում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական ուժերը առավոտյան ծանր զրահատեխնիկայով ներխուժել են այդ գյուղի տարածքը, որտեղ նաեւ երիտասարդական հայրենասիրական ճամբար է տեղակայված, պատանդառել են վրացի ոստիկանների եւ մարտական դիրքեր են գրավել Վրաստանի կողմից վերահսկվող այդ տարածքում:

Ավելի ուշ ռուսական կողմը հայտարարեց վրացի 5 ոստիկաններին վերադարձնելու մասին: Ըստ ռուսական կողմի, վրացի ոստիկանները բերման էին ենթարկվել խաղաղապահներին զենքով սպառնալու համար:

Անդրադառնալով միջադեպին` Վրաստանի նախագահը հայտարարել է. - «Մենք սպասում ենք ներողության` Վրաստանի զինծառայողներին ու ոստիկաններին ծեծելու հետ կապված: Սպասում ենք, որ վերջ տրվի բոլոր սադրանքներին. սա Վրաստանի իշխանությունների ամուր դիրքորոշումն է»:

Սահակաշվիլին պահանջել է, որպեսզի վրաց - աբխազական հակամարտության գոտում խաղաղություն պահպանող ռուսական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Չաբանը լքի Վրաստանի տարածքը. - «Մեր համբերությունը սպառվում է: Փոխանցեք ձեր գեներալին, որ ես նրան հայտարարում եմ անցանկալի անձ Վրաստանում. մոտակա օրերին նա պետք է լքի Վրաստանի տարածքը»:

Ընդ որում, նախագահը շեշտել է, թե «Սուխումին Վրաստանի տարածք է, ինչպես Գանմուխուրին, Զուգդիդին կամ Թբիլիսին»:

Չնայած վրացական կողմի պահանջին` Ռուսաստանը հայտարարել է, թե Սերգեյ Չաբանը կշարունակի կատարել իր պարտականությունները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG