Մատչելիության հղումներ

Մուսթաֆա Աքյոլ. «Հայաստանն ու Թուրքիան պետք է բարելավեն հարաբերությունները»


Հայաստանն ու Թուրքիան պետք է բարելավեն հարաբերությունները: Նման համոզմունք հայտնեց «Թրքիշ դեյլի նյուս» թերթի խմբագրի տեղակալ Մուսթաֆա Աքյոլը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ երկխոսության կարիք մենք միանշանակորեն ունենք: Եվ պատմական վեճերն ու 1915 թվականի հայկական ողբերգությունը չպետք է արգելափակեն դրանց ուղղված ջանքերը», - ասաց թուրք լրագրողը` հավելելով. - «Ցավոք սրտի, առայժմ այս ամենից խուսափել չի ստացվում: Սրան էլ գումարած` չմոռանանանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները` կապված Lեռնային Ղարաբաղի հետ: Ուստի Ադրբեջանը ճնշում է գործադրում թուրքական կառավարության վրա, որպեսզի այն երկխոսության մեջ չմտնի եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի Հայաստանի հետ»:

Մուսթաֆա Աքյոլի վկայությամբ, Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցի շուրջ հնչող կարծիքներում որոշակի տեղաշարժ է նկատվում. - «Թուրքիայում կան մարդիկ, որոնք պահանջում են հարաբերություններ սկսել Հայաստանի հետ: Կան հասարակական կազմակերպություններ, որ հանդես են գալիս նման պահանջով: Կարծում եմ, ներկայիս կառավարությունը եւս այս հարցում ավելի մեղմ է տրամադրված, քան նախորդ կառավարություններն ու իշխանական, բյուրոկրատական համակարգի շատ ներկայացուցիչներ»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի խմբագրի տեղակալի տպավորությամբ` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կազմած կառավարությունը կարող է սկսել նման երկխոսություն, սակայն ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովում վերջերս ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւը եւ նմանատիպ մյուս որոշումներն ու քաղաքական մոտեցումները «չեն նպաստում դրան». - «Նման ճնշումը բացասական հետեւանքների է հանգեցնում` ստիպելով Թուրքիային դառնալ ավելի ազգայնական ու մեկուսացած»:

Այդուհանդերձ, Մուսթաֆա Աքյոլը հույս ունի, որ թուրքական կառավարությունը, ի վերջո, կապեր կհաստատի Հայաստանի հետ:

«Թուրքիայի գործող ղեկավարները ավելի կենտրոնացած են տնտեսական խնդիրների վրա, ուստի նրանք հասկանում են, թե Հայաստանի հետ կապերի հաստատումը ինչպիսի հնարավորություններ է ստեղծելու», - ասաց թուրք լրագրողը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG