Մատչելիության հղումներ

logo-print

Հրանտ Մարգարյան. «Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ»


Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե «կտպավորվեր, եթե Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ելույթը սկսեր ինքնաքննադատությամբ»:

«Այդ ելույթը կարող էր ինչ-որ չափով համոզիչ լինել, եթե ինքը [Տեր-Պետրոսյանը] սկսեր իր իշխանության ժամանակաշրջանին գնահատական տալով», - ասաց Մարգարյանը: - «Եթե այդպես սկսեր, կարող էր, որ այդ խոսքը համոզիչ լիներ եւ տպավորեր»:

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ծավալուն ելույթում Տեր-Պետրոսյանը, հայաստանյան ներկա իշխանական համակարգը բնորոշելով որպես «մոնոլիտ բուրգի սկզբունքով» եւ «հստակ սահմանված նվիրապետական, հիերարխիկ աստիճանակարգով» կառուցված, ասել էր. - «Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը»:

Նախկին նախագահի նման գնահատականների կապակցությամբ Հրանտ Մարգարյանը ասաց. - «Մենք ունենք մեր վերլուծությունը այսօրվա իշխանություններից եւ այսօրվա տնտեսական, քաղաքական համակարգից: Մենք եւս հավատացած ենք, որ մենաշնորհների, մոնոպոլիստների այս քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին»:

«Անունները ոչ մի իմաստ չունեն», - շարունակեց նա: - «Այդ անունները ես կարող եմ փոխարինել նաեւ, եթե անցյալի մասին խոսեմ, տարբեր անուններ տալով: Անձինք այստեղ երկրորդական դերակատարություն ունեն. անձերի անունները կարող են փոխարինվել մեկը մյուսով: Եվ փոխարինվել է: Նաեւ ասեմ, որ անցյալից ներկա է փոխանցվել: Եվ ոչ մի անգամ Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ»:

«Դեպքերի բերում է միայն, մի քիչ էլ բախտի հարց է, որ այդ գագաթի գլխին հայտնվեց մի օր Լեւոն Տեր-Պետրոսյանը, մի օր` Ռոբերտ Քոչարյանը», - եզրափակեց Հրանտ Մարգարյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG