Մատչելիության հղումներ

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը թեւակոխեց հրատարակման 100-րդ տարին


«Օրաթերթը հիմնադրվեց 1908 թվականի հոկտեմբերի 28-ին եւ այսօր, փաստորեն, թերթը թեւակոխում է իր հարյուրամյակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

1996 թվականից թերթի խմբագրակազմը գլխավորող Արա Գոչունյանը հպարտությամբ շեշտեց, որ «Ժամանակ»-ի հիմնադիր խմբագիրների` Միսակ եւ Սարգիս Գոչունյանների ծոռնորդին է եւ «հավատարիմ է մնում իր մեծ հայրերի որդեգրած գծին` հայապահպանման նվիրական առաքելությանը»:

«Երկուսն էլ իրենց ապրած շրջանի արեւմտահայ մտավորականների սերնդում կարեւոր անուններ էին», - ասաց Արա Գոչունյանը:

«Ժամանակ» օրաթերթը հիմնադրման պահին լույս է տեսել 15 հազար տպաքանակով, երբեւէ կուսակցական ուղղվածություն չի ունեցել եւ իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:

«Եթե մենք դիտարկենք «Ժամանակ»-ի անցյալը` նրա աշխատակիցների, խմբագիրների թվում կարող ենք դիտարկել այնպիսի անուններ` Գրիգոր Զոհրապից սկսած մինչեւ Երվանդ Օտյան, Արշակ Չոպանյանից սկսած մինչեւ Վահան Թեքեյան», - ասաց Գոչունյանը` շարունակելով. - «Թերթի հենց առաջին համարի առաջին էջին կա Զապել Եսայանի ստորագրությունը»:

Իր պատմության ընթացքում «Ժամանակ»-ը ծանր ժամանակներ է վերապրել, հատկապես` Մեծ եղեռնի տարիներին. - «Դա վստահաբար դժվար ժամանակների էին, որովհետեւ թերթը իր շատ կարեւոր աշխատակիցներից զրկվեց, անուններ, որոնք այսօր խորհրդանշական են»:

«Մեզ համար էականն այն է, որ թերթը ունեցավ իր շարունակությունը», - եզրափակեց Արա Գոչունյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG