Մատչելիության հղումներ

«Պետբյուջե 2008»-֊ի նախագիծն Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկման կդրվի նոյեմբերի 12-ին


Կառավարության առաջարկը այսօր Ազգային Ժողովում հնչեցրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը. - «2008 թվականի պետական բյուջեն հաստատել` երկամուտների գծով 744,7 միլիարդ դրամ, ծախսերի գծով` 820,8 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը` 76 միլիարդ դրամ»:

«Համայնքների 2008 թվականի բյուջեի հանրագումարային եկամուտների եւ ծախսերի ծավալը կանխատեսվում է շուրջ 46,8 միլիարդ դրամ», - ասաց նախարարը:

Վարդան Խաչատրյանը նախագիծը ներկայացնելիս նշեց նաեւ, դոլարի հաշվարկային փոխարժեքն այս պահի համար սահմանվել է 336,5 դրամ. - «Այս ցուցանիշը ենթակա է փոփոխման: Վերջին տարբերակը Ազգային ժողով ներկայանելիս, մենք կընդգրկենք այդ պահի դրամ -դոլար հարաբերության ցուցանիշը»:

Այսինքն, այս պահին, եթե այս ցուցանիշով ենք հաշվում, «Պետբյուջե - 2008»-֊ը մոտենում է 2,5 միլիարդ դոլարանոց չափին, իսկ քանի որ դոլարի փոխարժեքն առայժմ անկման վեկտոր ունի, նոյեմբերի կեսերին՝ բյուջեի հաստատման օրերին, կարող է բավական գերազանցել այս թիվը:

Եկամուտների մեջ առաջին անգամ հաշվարկված են նաեւ պարտադիր սոցապահովագրության վճարները՝ մոտ 104 մլրդ դրամ (շուրջ 300 միլիոն դոլար):

Եկամուտների հավաքագրման մոտ 80 տոկոսը նախատեսվում է ստանալ հարկերից ու պետտուրքերից: Ծախսերի առյուծի բաժինը՝ 46 տոկոսը, սոցիալական ոլորտներ է ուղղվելու, երկրորդ տեղում պաշտպանության, անվտանգությանն, պետական կարգի պահպանման ծախսերն են՝ 20 տոկոսից ավելին: Կենսաթոշակների եւ այլ պետվճարումների բարձրացման հետ մեկտեղ ավանդների վերադարձի համար նախատեսվածը նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով է ավելի՝ մեկ միլիարդ դրամից քիչ ավելին (ավելի քան երեք միլիոն դոլար), իսկ օտարերկրյա դրամաշնորհների մեջ նախատեսված է նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից սպասվողը:

Պետբյուջեի նախագծի հանձնաժողովական քննարկումների բացման առիթով խորհրդարան եկած վարչապետ Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ, եւ Ազգային ժողովի շենքից մեկնեց՝ առանց լրագրողների հետ բառ փոխանակելու:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG