Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակելու է ժողովրդի հետ հանդիպումները


Ընդդիմությունը շարունակելու է ժողովրդի հետ հանդիպումները, սակայն հաջորդ հանդիպման օրն արդեն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է որոշի` կոնկրետ որոշում դեռեւս չկա: «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանի համոզմամբ` այսպիսի իրավիճակն անգամ իշխանությանը անհանգստանալու տեղիք պետք է տա, քանի որ, ինչպես վստահեցրեց նա, իշխանական համակարգից դեպի ընդդիմություն արդեն հոսք կա:

«Այս իշխանություններից բազմաթիվ մարդիկ կան, որոնց հետ ես արդեն ամիսուկես է հանդիպում եմ», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը` հաստատելով, որ այդ մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են. - «Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյաներ, իհարկե, Հանրապետական կուսակցության քաղաքական դեմքեր»:

«Երբ մարդը իրավիճակի ճիշտ գնահատականներ ու լուծումների բանալիներ է տալիս` խելոք մարդիկ մտածում են: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում խելոք մարդիկ շատ-շատ են` այդպիսի մարդիկ կան թե’ հանրապետականների մեջ, թե’ Դաշնակցության մեջ, թե’ մնացած կուսակցություններում: Այնպես որ, սա բնական գործընթաց է, այն սկսվել է», - ընդգծեց Արամ Սարգսյանը:

Այդ գործընթացը, ըստ նրա, «մեկական անհատներով է հիմա երեւում». - «Ամբողջ հասարակությունը տեսավ, որ հայտնի գործարարներից մեկը ուղղակի կանգնեց ու ասաց` «Ես կանգնում եմ ընդդիմության կողքին»: Հայաստանում գործող հեռուստատեսություններից մեկը կանգնեց ու ասաց` «Ես էլ ձեր հրահանգով չեմ աշխատելու, աշխատելու եմ ազատ»: Դատավորներից մեկը կանգնեց ու ասաց` «Ձեր հրահանգով չեմ դատելու` ինչ ուզում է լինի»:

«Այս մեկ-մեկերին բոլորդ գիտեք: Բայց ինչքան այդպիսի մեկեր կան ընդերքում, որոնց դեռ չգիտեք, որոնք դեռ լինելու են: Դա հրաշալի հասկանում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը», - ամփոփեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG