Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Այս պահին ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու»


Ազատության հրապարակում այսօր կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

«Ասածս սոսկ հայտարարություն չէ, այլ իմ` որպես քաղաքական գործչի, կարգավիճակի կտրուկ փոփոխություն: Հետեւաբար այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության սանձազերծած որեւէ տեռոր դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանդեպ գործված հանցավոր խախտում»:

Տեր-Պետրոսյանը իր բավական ծավալուն, ծրագրային ելույթում խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին` նրանց մեղադրելով կաշառառության, արտաքին քաղաքականությունը տապալելու, Ղարաբաղյան հարցի լուծումը սառեցնելու, ինչպես նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը կոծկելու մեջ:

«Հայաստանում ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական, հիերարխիկ աստիճանակարգով», - ասաց նա` շարունակելով. - «Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը»:

Այնուհետեւ նախկին նախագահը թվարկեց իշխանությունների գործունեությունը ապահովող կառույցներն ու օղակները` մաքսային, հարկային պետական կոմիտեներ, Կենտրոնական բանկ, Դատախազություն, Ոստիկանություն, Հանրային հեռուստատեսություն, իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մասնավոր լրատվամիջոցներ:

«Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Նրա սկզբնավորումը ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Նման համակարգի գոյությունը անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում: Հոկտեմբերյան սպանդն էր այն գլխավոր հանգրվանը, որը բացեց քոչարյանական ռեժիմի ձեւավորման ու զարգացման լայնահուն ճանապարհը»:

Նախկին նախագահը անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ից հետո ստեղծված ռեժիմի հետեւանքներին երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական կյանքում:

Քաղաքական հետեւանքն այն է, որ Հայաստանը հայտնվել է «մերժյալ պետության կարգավիճակում»:

Տնտեսական համակարգը, նրա բնորոշմամբ, ձեւախեղվել է. - «Հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները` հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը»: Շարունակելով` նա ասաց, որ կեղծվում են տնտեսական աճի մասին տվյալները, թաքցվում են ներկրվող բենզինի ծավալները: Համեմատելով 1997 թվականին մեկ ամսում ներկրվող բենզինի ծավալների հետ, նա հայտարարեց, որ այժմ ամեն ամիս թաքցվում է 35 հազար տոննա ներկրվող բենզին` դա որակելով «դարի հանցագործություն» եւ «պետական մաքսանենգություն», որը «կասկածից վեր է` հետագայում դառնալու է բազմաթիվ խորհրդարանական հանձնաժողովների եւ դատական մարմինների քննության առարկա»:

Ներկա իշխանությունների գործունեության սոցիալական հետեւանքը, ըստ Տեր-Պետրոսյանի` «կիսադատարկ գյուղերն եւ ցաք ու ցրիվ ընտանիքներն» են:

Իրավական հետեւանքներից առաջինը «դատական համակարգի լիակատար ոչնչացումն է». - «Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին` դատախազությանը, ոստիկանությանը, անվտանգության ծառայություններին, ապա դրանք վաղուց վերածվել են ռեժիմին հավատարմորեն սպասարկող պատժիչ մեքենայի»:

Առաջին նախագահը իր ելույթում նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին կոչ արեց հրաժարական տալ:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործին` Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. - «Մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երեւույթի` հանրապետության նախագահը իր բացահայտ միջամտություններով ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության եւ դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլեւ փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը»:

«Նույն վերեւների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը, որից հետո համաներման պատրվակով ազատ արձակվեցին նաեւ վեց այլ ամբաստանյալներ», - շարունակեց նախկին նախագահը: - «Ալեքսան Հարությունյանի գործը կարճվել է հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր Հարությունյանի դեմ տված ցուցմունքները իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով: Սակայն Հարությունյանի գործը նման հիմնավորմամբ կարճելուց առաջ դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստը ապացուցել դատավճռով եւ խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների: Մի բան, որը չի արվել: Հետեւաբար, Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները ուժի մեջ են: Ցուցմունքներ, որոնցում Հարությունյանը ներկայանում է որպես «Հոկտեմբերի 27»-ի գործով կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ եւ հանգուցային ֆիգուր»:

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում: Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը», - եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Կարինե Քալանթարյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG