Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հուսով է, որ կազմակերպության անդամ մի շարք երկրներ հավանություն չեն տա Ռուսաստանի առաջարկին


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) խոսնակը հուսով է, որ ԵԱՀԿ անդամ մի շարք երկրներ Մադրիդում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում հավանություն չեն տա նախկին խորհրդային երկրներում ընտրական դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելուն վերաբերող Ռուսաստանի առաջարկին:

«Լավ առաջարկ չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի խոսնակ Ուրդուր Գուննարսդոթիրը: - «Ես իրականում չեմ տեսնում, թե ինչու պետք է սահմանափակվի դիտորդների քանակը, ինչու պետք է սահմանափակվի դիտարկումների մասին կարծիք հայտնելու հնարավորությունը»:

Այդ փաստաթուղթը, ըստ «Նյու Յորք Թայմս» թերթի կայքէջի, ստորագրել են նաեւ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Գուննարսդոթիրի փոխանցմամբ, սա ընդամենը առաջարկ է, որը, ի շարս բոլոր մյուս առաջարկների, քննարկվելու է նոյեմբերի վերջին Մադրիդում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում:

«Հույս կա, որ ԵԱՀԿ անդամ մի շարք երկրներ հավանություն չեն տա այս առաջարկին», - ասաց նա:

Խոսնակը ասաց նաեւ, որ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Քրիստիան Շտրոհալը այս շաբաթ Հայաստան կատարած կարճատեւ այցի ընթացքում հարցը քննարկել է երկրի իշխանությունների հետ:

Դա հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը` հավելելով, որ քննարկվել են ԵԱՀԿ-ի բարեփոխումներին առնչվող բոլոր հարցերը:

Կոնկրետ այդ առաջարկի մասին Կարապետյանը ասաց. - «Մենք այդ հարցը դիտարկում ենք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ընթացող բարեփոխումների լույսի ներքո: Հայաստանը ակտիվ ներգրավված է բարեփոխումների գործընթացում եւ կարեւորում է կազմակերպության առավել ներկայացուցչական, թափանցիկ եւ բոլորի համար հավասար լինելը»:

Հարցին, թե արդյոք դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակումը կարող է նպաստել դրան, Կարապետյանը արձագանքեց. - «Կարծում եմ, դա քննարկման առարկա կդառնա կազմակերպությունում առաջիկա հանդիպումների ընթացքում, եւ Հայաստանը կներկայացնի իր մոտեցումները այս հարցի վերաբերյալ»:

«Հայաստանը վերապահում է իրեն իրավունք հանդես գալու մեր սեփական մոտեցումներով, եւ այդ մոտեցումներն ու դիրքորոշումները կձեւավորվեն` խորհրդակցելով մեր բարեկամ երկրների հետ, այդ թվում` նաեւ Ռուսաստանի եւ ոչ միայն Ռուսաստանի», - ասաց արտգործնախարարության խոսնակը:

Հայաստանի խորհրդարանականները, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները, մինչդեռ, այսօր հնչեցրեցին իրենց բացասական կարծիքը նշված առաջարկության վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG