Մատչելիության հղումներ

Մարզերից հանրահավաքի մեկնողները հանդիպում են «որոշակի խոչընդոտների»


Մարզերից ընդդիմադիր ուժերի հանրահավաքին մասնակցել ցանկացողները «որոշակի խոչընդոտների» են հանդիպում մայրաքաղաք հասնելու հարցում:

Մասնավորապես, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայոց Համազգային շարժման անդամ Մուրադ Գրիգորյանը Գյումրիից, իրենք իսկապես ունեն որոշակի դժվարություններ Երեւան մեկնելու հետ կապված. - «Այո, արդեն 2-3 օր է, ինֆորմացիա ունենք, որ տրանսպորտի սեփականատերերին ոստիկանության աշխատակիցները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ հանրահավաքի մասնակիցներին տեղափոխելուց»:

Նրա խոսքերով, առաջին անգամը չէ, որ հանդիպում են նման խոչընդոտների, ուստի իրենք ընտրել են «տարբեր տարբերակներ». - «Ե’վ երթուղային տաքսիներով, ե’ւ անձնական օգտագործման մեքենաներով: Մի ստվար հատված էլ Գյումրիի Թատերական հրապարակից ավտոբուսներով շարժվում է Երեւան»:

Հանրահավաքի կազմակերպիչներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «տարբեր շրջաններից երթուղային ավտոբուսները չեն գալիս Երեւան»:

«Այն մարդիկ, որոնք որոշել էին երթուղային տաքսիներով գալ հանրահավաքի, նրանք այդ իրավունքից զրկված են: Տարբեր շրջաններից մենք այդ ինֆորմացիան ունենք եւ դեռ ամփոփում ենք», - հավելեց նա` պնդելով, որ դա «համատարած բնույթ է կրում»:

Այսօրվա հանրահավաքում ելույթ է ունենալու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG