Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Բաքվից վերադառնալու են Երեւան


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը Բաքվից վերադառնալու են Երեւան` հանդիպելու արտգործնախարար Օսկանյանի եւ, անհրաժեշտության դեպքում` նախագահ Քոչարյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպմանը ավարտվող շաբաթասկզբին համանախագահների հայաստանյան այցի մասին ասաց, որ այն «հերթական այց» էր, ու, քանի որ մոտենում են ընտրությունները, առավել արդյունավետ է կիրառել հենց այս ակտիվ «մաքոքային դիվանագիտությունը»` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ:

Երեկվա ասուլիսում Վարդան Օսկանյանը խոսեց Թուրքիայի նորանշանակ արտգործանախարար Ալի Բաբաջանի հետ իր առաջին հանդիպման մասին Նյու Յորքում:

«Էական փոփոխություն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ չկա», - ասաց նա: - «Թուրքիայի հետաքրքրությունը դեռեւս մնում է գործընթացների մեջ միայն, մերը` արդյունքների: Եվ այնտեղ դեռեւս մենք ընդհանրություններ չունենք»:

Օսկանյանը, այդուհանդերձ, հավելեց, որ հետագա հանդիպումներից հայկական կողմը չի խուսափելու, թեեւ դրանք չի դիտարկելու որպես գործընթաց:

Առավել երկար խոսվեց Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի մասին:

Արտգործնախարարը այն գնահատեց «ընդգրկուն եւ խորքային»` հավելելով, որ Հայաստան - Իրան տնտեսական կապերը ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային նշանակություն ունեն. - «Գազամուղից սկսած, հնարավոր երկաթգծի կառուցումը Հայաստան - Իրան, ինչպես նաեւ նավթազտարանի կառուցումը: Դեռեւս վերջին երկուսը քննարկման փուլում են»:

Երկու օր առաջ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքի ճեպազրույցին հարց էր հնչել, արդյոք ԱՄՆ-ը հիասթափված չէ՞ նավթամշակման գործարանի ծրագրեր առկայությամբ:

«Կարծում եմ, վերջնական պայմանագիր դեռեւս չի ստորագրվել», - ասել էր ՄըքՔորմաքը: - «Իրանը հաճախ է փորձում այլ երկրների կառավարություններին ներքաշել նախնական պայմանավորվածությունների մեջ` տպավորություն ստեղծելու համար, որ Իրանի հետ առնչության առումով ամեն ինչ նորմալ է, մինչդեռ դա իրականությունից շատ հեռու է: Մենք խորհուրդ ենք տվել հայերին, ինչպես եւ մյուսներին, որոնք ծրագրում են Իրանի հետ այս կարգի գազային ու նավթային ծրագրերում ներգրավվել, զերծ մնալ դրանից: Մենք չենք կարծում, որ սա հարմար ժամանակ է նույնիսկ մտածելու նման ծրագրերը իրականացնելու մասին»:

Հայաստանում, այդուհանդերձ, այս ծրագրերը քննարկվել են: Հարցին, թե արդյոք արտգործնախարարը վստա՞հ է, որ դրանք իրատեսական ծրագրեր են` հաշվի առնելով տնտեսական շահավետության խնդիրը, նա պատասխանեց. - «Միանշանակ համոզված եմ... Ես կարծում եմ, որ սրանք ռեալ ծրագրեր են»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG