Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Փարիզի «Մատինյոն» պալատում ընդունել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին:

Երկու վարչապետերի առանձնազրույցը տեւել է մոտ 45 րոպե, որի ավարտին Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է. - «Քննարկեցինք հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկան եւ ապագան: Հիմնական շեշտը դրեցինք տնտեսական հարաբերությունների վրա, եւ շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի վարչապետը ապագայի մեր հարաբերությունների տեսլական ունի»:

«Ե’վ ես, ե’ւ նա կարծում ենք, որ ֆրանսիական ընկերությունները ավելի ակտիվորեն կարող էին ներգրավված լինել Հայաստանում, եւ ոչ միայն արդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները, այլեւ բանկային ու ապահովագրական ոլորտի ընկերությունները», - շարունակել է Սարգսյանը: - «Խոսեցինք նաեւ հայ-ֆրանսիական մշակութային, հումանիտար կապերի մասին: Անշուշտ, խոսեցինք ֆրանսիական առողջապահական հաստատությունների հնարավորությունների օգտագործման մասին Հայաստանում»:

«Ուրախ եմ, որ Ֆրանսիայի վարչապետը տրամարդրված է բարեհաճ եւ շատ ուրախ եմ, որ նա ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը», - հավելել է Հայաստանի վարչապետը:

Սերժ Սարգսյանը Փարիզ է ժամանել չորեքշաբթի օրը: Նույն երեկոյան նրա պատվին ընդունելություն էր կազմակերպել Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում, որին մասնակցել են ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները:

«Մեծ ուժ ու կարողություն ունենք այստեղ, որի քիչ մասն ենք օգտագործում ի նպաստ Հայաստանի: Մեր ամենից կարեւոր ռեսուրսն է [ֆրանսհայա համայնքը], եւ այդ ռեսուրսը լավ պետք է օգտագործենք», - այդ ընդունելության ավարտին ասել էր Սերժ Սարգսյանը:

Վաղը օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կընդունի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG