Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն իր զեկույցում չընդգրկեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող դրույթը


Եվրախորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ նոր զեկույցը, որում Հայոց ցեղասպանությունը հիշատակված չէ:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, խորհրդարանը մերժել է նիդերլանդացի պահպանողական պատգամավոր Ռիա Օոմեն-Ռուիյտենի հեղինակած զեկույցում առաջարկված 26 փոփոխությունների ճնշող մեծամասնությունը, այդ թվում ֆրանսիացի, հույն եւ էստոնացի խորհրդարանականների կոալիցիայի ներկայացրած փոփոխությունը, որով Թուրքիայից պահանջվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ընդունվել է հենց զեկույցի հեղինակի առաջարկած փոփոխությունը, որով «վճռականորեն դատապարտվում է վերջերս [Ստամբուլի «Ակոս» թերթի աշխատակիցներ] Սարգիս Սերոբյանի եւ Արաթ Դինքի նկատմամբ 301 հոդվածի կիրառմամբ կայացված դատավճիռը»:

Նոր զեկույցը վերահաստատում է «ակնկալիքը, որ Թուրքիան ձեռնպահ կմնա որեւէ տնտեսական շրջափակումից, սահմաններ փակելուց, հարեւան երկրների դեմ սպառնալիքներից կամ լարվածություն ստեղծող ռազմական գործողություններից», ինչպես նաեւ` վերահաստատում է «հաշտեցման գործընթաց սկսելու` Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչը»:

Փաստաթուղթը նաեւ «խստորեն դատապարտում է Հրանտ Դինքի, Մալաթիայում երեք քրիստոնյաների սպանությունները, քաղաքական շարժառիթներով բռնության մյուս բոլոր ակտերը եւ ակնկալում, որ Թուրքիայի իշխանությունները սպառիչ լույս կսփռեն այդ դեպքերի վրա ու արդարադատության առջեւ կկանգնեցնեն մեղավորներին»:

Գնահատելով ընդունված փաստաթուղթը` Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, մասնավորապես, հայտարարել է. - «Սա մի բանաձեւ է, որը ակնհայտորեն ներշնչված է վախով` կապված հյուսիսային Իրաք ներխուժելու թուրքական սպառնալիքների հետ: Եվրախորհրդարանը իր քայլը համապատասխանեցրեց եվրոպական գործադիր մարմնի դիրքորոշմանը` արեց այն, ինչ Եվրահանձնաժողովը ակնկալում էր իրենից»:

Հայ դատի հանձնախումբը գտնում է, որ զեկույցի` նման տեսքով ընդունումը հետեւանք է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը թուրքական լոբբիի ագրեսիվ արձագանքի:

Եվրոպահայերը նոր փաստաթուղթը գնահատում են որպես նահանջ Եվրախորհրդարանի կողմից 2000 թվականից ի վեր ընդունված զեկույցների համեմատ, որոնցում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ էր արվում: Այդ կոչը վերահաստատված էր նաեւ 2006 թվականի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG