Մատչելիության հղումներ

Անկարայում բացվում է ՍՏՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստը


Անկարայում այսօր բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը, որին Հայաստանից մասնակցելու է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

Նիստը նախագահելու է ՍՏՀԿ-ի ներկայիս նախագահող Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Բացման խոսքով հանդես կգա Թուրքիայի ներկայիս նախագահ եւ նախկին արտգործնախարար Աբդուլա Գյուլը: Ելույթ կունենա նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդանական վեհաժողովի նախագահ Նինո Բուրջանաձեն:

Հանդիպման օրակարգային հարցերից են Եվրամիության հետ հարաբերությունները, կազմակերպության անդամ երկրների միջեւ առեւտուրը:

Նիստի մասնակիցները կընդունեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հունիսի 25-ի ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրի իրականացմանն առնչվող որոշումներ, ինչպես նաեւ կքննարկեն կազմակերպության գործունեության առաջընթացի վերաբերյալ ՍՏՀԿ-ի գլխավոր քարտուղար, դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի կողմից ներկայացվելիք զեկույցը:

Նիստին ակնկալվում է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի մասնակցությունը:

1992 թվականին 11 երկրների կառավարությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանը, Ստամբուլում հռչակագիր ստորագրեցին` հիմք դնելով Սեւծովյան տնտեսական համագործակցությանը: Կազմակերպությունում ներկայումս ընդգրկված է 12 երկիր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG