Մատչելիության հղումներ

Ներսես Նազարյան. - «Հասարակական կարգի խախտում ոչ մեկին թույլ չենք տալու»


Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը այսօր հայտարարեց, որ հոկտեմբերի 26-ին ծրագրված ընդդիմության հանրահավաքի օրը «ոստիկանները կմնան իրենց դիրքերում»: «Այընտրանք»-ի ղեկավարները, մինչդեռ, պնդում են, որ ոստիկանները կատարում են «բարձրից տրված հրահանգները»:

«Հասարակական կարգի խախտում ոչ մեկին թույլ չենք տալու», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մայրաքաղաքի ոստիկանապետը: - «Իմ կողմից հրահանգավորված է ոստիկաններին` լինել շատ խիստ, թույլ չտալ ոչ մի խախտում: Եվ այդ ամեն ինչը արվում է Երեւան քաղաքի հասարակական կարգը պահելու համար: Դա արվում է մնացած քաղաքացիների անդորրը պահելու համար»:

Նազարյանի պնդմամբ, անցած գիշերվա իրադարձությունների ժամանակ «ամենաշատը տուժել» է ոստիակնության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը. - «Պարոն Աֆյանին ամենամեծ վիրավորանքներն են հասցվել... ե’ւ սարոչկայից քաշել, ե’ւ գլխարկը գլխից գցել»:

Նազարյանի հավաստմամբ, վնասվածքներ են ստացել եւս չորս ոստիկան:

Նիկոլ Փաշինյանը, ըստ Նազարյանի, «անընդհատ անցկացրել է նման միջոցառումներ, եւ ոչ մի խոչընդոտ չի եղել». - «Այս անգամ նույնպես որեւէ խոչընդոտ չէր լինի, եթե չլինեին հասարակական կարգի խախտումներ»:

Մանրամասնելով` Նազարյանը նշեց հետեւյալ խախտումները. - «Երբ զգացին մեր ոստիկանները, որ արդեն նրանք խոչընդոտում են հասարակական տրանսպորտին, եւ այդ թռուցիկների կապոցները, շենքերի կողքով անցնելիս, շքամուտքերի մեջ են գցում... եւ մարդիկ շենքերից դժգոհություն են հայտնում, որ չի կարելի այդ թղթերը գցել այնտեղ»:

«Չեմ ուզում բարդացնել եւ չեմ ուզում տխուր իրավիճակ ստեղծել», - վստահեցրեց մայրաքաղաքի ոստիականապետը` շարունակելով. - «Բայց դա նույնպես մեզ անհանգստացնում է»:

Նա բողոքեց, որ ցույցի մասնակիցները իրենց «շատ վատ են պահել», չեն ենթարկվել «իրավապահների օրինական պահանջներին»:

Նազարյանի պնդմամբ, ցուցարարների նպատակը «ոստիկանության հետ ինչ-որ առճակատման գնալն էր»: Նա հավելեց, որ ծառայողական քննություն է իրականացվում երթին մասնակցած ոստիկանների նկատմամբ:

Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, մինչդեռ, այսօր լրագրողներին ասաց հետեւյալը. - «Հրահանգը տրվել էր շատ բարձրից: Ոստիկանների հետ շփվելով` մենք տեսանք, որ նրանք ի ցավ սրտի էին կատարում այն, ինչ կատարեցին»:

«Սա, կարծում եմ, պետության շատ ավելի բարձր պաշտոնյաների կողմից իջեցված հրահանգ էր` խափանելու այն մեծ ալիքը, որ կարող է բարձրանալ հոկտեմբերի 26-ին», - հայտարարեց Հայրապետյանը:

Իսկ «հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երեւանի փոխոստիկանապետ Աֆյանին, ասաց. - «Սաշիկ Աֆյանը իրեն պահել է ինչպես, կներեք արտահայտությանս, փողոցային կրիմինալի ներկայացուցիչ: Ինձ համար ուղղակի ամոթ է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանով, գնդապետի ուսադիրներ կրող մարդը կարող է լինել ուղղակի փողոցային կրիմինալի մակարդակի»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ միջադեպի արդյունքում «մարմնական վնասվածքներ ունեն 11 բերման երթարկվածներից առնվազն 4-ը»:

Նա պնդեց, որ իրենց բերման են ենթարկել գործող կարգի խախտումներով. - «Ես անձամբ հենց տեղում հայտարարություն եմ տվել ոստիկանությունում կատարված հանցագործության մասին... Եվ միջնորդել եմ, որ Սաշիկ Աֆյանին ենթարկեն քրեական պատասխանատվության` համապատասխան հոդվածներով»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG