Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները շարունակելու է նպաստել հայ-ադրբեջանական մերձեցմանը


Ամերիկայի Միացյալ Նահանգները հուսով է վերացնել վերջին սրացումը հայ-թուրքական հարաբերություններում եւ, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, նոր ջանքեր է գործադրելու նորմալացնելու Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի կարծիքով, Օսմանյան կայսրության օրոք հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչող եւ ներկայումս Միացյալ Նահանգների կոնգրեսում շրջանառվող բանաձեւի շուրջ առաջացած տարաձայնությունները միայն ընդգծում են երկու հարեւան երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու անհրաժեշտությունը:

«Այս աղմուկը ցույց տվեց ե’ւ Միացյալ Նահանգներում, եւ Հայաստանում, ե’ւ Թուրքիայում, թե որքան կարեւոր է, որ լուրջ նախաձեռնություն լինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ես հույս ունեմ, որ, օգտագործելով այս պահը, մենք կարող ենք լուրջ ջանքեր գործադրել դրան հասնելու ուղղությամբ: Սա մեզ համար առաջնահերթություն է», - ասաց Բրայզան:

Վաղը Մեթյու Բրայզան Անկարայում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների ֆորումին: Այս առիթով նա շեշտեց, որ իր հիմնական նպատակներից մեկը «երկու երկրների մերձեցման շուրջ ջանքերի ակտիվացման հնարավորությունն է»:

Խոսելով Միացյալ Նահանգների կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին, Բրայզան ասաց. - «Բանաձեւը կամ կընդունվի, կամ ոչ: Երկու դեպքում էլ այս խնդիրը առկա է լինելու... Մենք պետք է երկու կողմերին մերձեցնենք»:

«Վրդովեցուցիչ է, որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա. սահմանը փակ է», - ասաց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: - «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի իշխանության վերնախավում շատ մարդիկ կան, որ ընդունում են, որ բաց սահմանը տարածաշրջանի ռազմավարական քարտեզը կփոխի շատ դրական առումով: Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք համոզել բոլորին տարածաշրջանում` այդ թվում եւ Ադրբեջանին, որ սա է իրականությունը»:


Աննա Սաղաբալյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG