Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասիեին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, քննարկումների առանցքում եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես` այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն:

Դեռեւս բանակցություններից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մեկնաբանելով նախագահ Քոչարյանի` Բրյուսելում արած հայտարարությունը, թե մինչեւ նախագահական ընտրությունները որեւէ համաձայնության ձեռքբերումը «հավանական չէ», ասաց. - «Հավանական չէ` նշանակում է 50 տոկոսից պակաս: Սա կարող է նշանակել 49 տոկոս, 48 տոկոս, ինչը գուցե շատ չի տարբերվում «հավանական է» ձեւակերպումից... Բայց մենք իրատես ենք եւ գիտենք, որ քաղաքականության աշխարհում, երբ մոտենում են ընտրությունները, ավելի բարդ է զիջումների գնալ»:

«Հայաստանը շատ կառուցողական եւ զգույշ է եղել այս բանակցությունների ընթացում եւ շատ բան է առաջարկել», - շարունակեց Բրայզան: - «Ադրբեջանը նույնպես առաջարկներ արել է: Մենք շատ մոտ ենք... միայն որոշ տեխնիկական խնդիրներ պետք է համաձայնեցվեն: Ամոթ կլինի, եթե մենք որեւէ ջենթլմենական պայմանավորվածության չհասնենք սեղանին եղած սկզբունքների շուրջ»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցություններից հետո (նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից առաջ) ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մինչեւ ընտրությունները համաձայնության հնարավորության մասին հարցին ի պատասխան ասաց. - «Դա մեզանից չէ կախված: Եթե մենք լինեինք որոշում կայացնողները, ապա պատասխանը միանշանակ կլիներ` այո: Դա հնարավոր է: Բայց զիջումների գնալը եւ համաձայնության գալը այլ մարդկանց խնդիրն է»:


Աննա Սաղաբալյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG