Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հույս է հայտնում


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Միաժամանակ, նա շեշտել է, որ Հայաստանը այդ ուղղությամբ լոբբիզմով չի զբաղվում:

Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում փոխնախագահ Դիք Չեյնիի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդի հետ հանդիպումներում քննարկել է այլ, մասնավորապես` տնտեսական եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր: Նա նշել է, որ Հայաստանը փորձում է հեռու մնալ Միացյալ Նահանգներում ընթացող քաղաքական բանավեճից:

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի առաջխաղացումը Կոնգրեսում խոչընդոտում են Թուրքիայի ճնշումները, քանի որ Ներկայացուցիչների պալատում տարակարծություն չկա այն հարցում, թե արդյոք տեղի ունեցե՞լ է ցեղասպանություն:

«Հետեւաբար, քննարկելու բան չկա», - ընդգծել է վարչապետը: - «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ որքան շուտ թուրքերը ընդունեն դա, այնքան լավ` ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար»:

Ինչ վերաբերում է թուրքական կողմի պնդումներին, թե բանաձեւի ընդունումը կվտանգի հայ - թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները, ապա Սերժ Սարգսյանը շեշտել է. - «Ես չեմ հասկանում, թե ինչ են ասում թուրքերը: Մենք այժմ հարաբերություններ չունենք: Մենք չենք կարող վնասել ինչ-որ բան, որը գոյություն չունի»:

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի հետ բանավեճը չպետք է խոչընդոտի երկկողմ հարաբերությունները վերականգնելու ջանքերը: «Դա երկու երկրների միջեւ հարաբերությունները վերահաստատելու նախապայման չէ», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG