Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Երեւան


Այսօր Երեւան են ժամանում Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, «այս անգամ համանախագահները մեր ղեկավարության հետ կքննարկեն այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն` կենտրոնացումը կլինի այդ խնդիրների վրա»:

Համանախագահների այցը Ադրբեջան նախատեսված է հոկտեմբերի 26-ին:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փարիզում հանդիպել էր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի եւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Համաձայն նույն օրը արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, հանդիպման ժամանակ քննարկվել էին «հոկտեմբերի 24-27-ը համանախագահների տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ որոշ բովանդակային խնդիրներ, որոնք հնարավոր է բարձրացվեն համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե ի՞նչ նոր հնարավոր հարցադրումներ կարող են լինել, Վլադիմիր Կարապետյանը ասաց. - «Բովանդակային հարցերի թեմայով չենք կարող խոսել: Միեւնույն ժամանակ, նույն օրը կայացավ հանդիպում նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Կարծում եմ, այդ հանդիպումների արդյունքում համանախագահները եկան այն եզրակացության, որ տարածաշրջանում արդեն ավելի բարձր մակարդակով կկարողանան քննարկել հարցերը, եւ հասունացել է ժամանակը, որպեսզի հանդիպում կազմակերպվի կամ նախաձեռնվի նաեւ նախագահների հետ»:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմի` օրերս արած այն հայտարարությանը, թե «Բաքուն ակնկալում է, որ համանախագահները Հայաստանին կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ կառուցողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը», Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հակադարձեց. - «Ես միայն մի բան կարող եմ ասել. մեր մոտեցումը մշտապես եղել է կառուցողական, եւ հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով է, որ առաջընթացը շոշափելի չէ, եւ մենք չենք կարող գրանցել լուրջ առաջընթաց այս գործընթացում»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 9-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում ասել էր, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները կարգավորման լուրջ հեռանկարներ են բացահայտել, եւ նշել, թե հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքներին» վերաբերող երեք էջանոց փաստաթղթում ընդամենը չորս հարց է մնում չհամաձայնեցված: Ընդգծելով, որ երկու երկրների ղեկավարները առայժմ չեն կարողացել փոխհամաձայնության գալ այդ չորս հարցերի շուրջ, նախարարը հույս էր հայտնել, որ տարաձայնությունները կարող են հաղթահարվել մինչեւ 2008 թվականի փետրվարին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG