Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանի կենտրոնում՝ Աբովյան եւ Կորյուն փողոցների հատման կետում քաշքշուկ է տեղի ունեցել «Այլընտրանք» ընդդիմադիր նախաձեռնության անդամների եւ ոստիկանների միջեւ, ինչից հետո «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի գլխավոր խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը, ինչպես նաեւ Դավիթ Մաթեւոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունների առաջնորդներ Պետրոս Մակեյանը եւ Միքայել Հայրապետյանը տարվել են Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին:

«Այլընտրանք»֊-ի անդամները բարձրախոսով կոչ էին անում քաղաքացիներին մասնակցել ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որտեղ նախատեսված է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի ելույթը:

Այսօր Երեւանում թռուցիկներ փակցնելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ հհշական մի խումբ ակտիվիստների: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայոց համազգային շարժման առաջնորդ Արարատ Զուրաբյանը:

«Բերման են ենթարկել 3֊-4 մարդու, 5 մարդու, իսկ թռուցիկներ են փակցնում հազարավորները»,֊ - ասաց Արարատ Զուրաբյանը:

Նրա վկայությամբ՝ «մի քանիսին արդեն բաց են թողել, ազատ են արձակել նաեւ «Հայք» թերթի թղթակցին, որը նկարահանում էր»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տվյալների՝ բերման ենթարկված երիտասարդներին տարել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք: Թռուցիկները կոչ են անում քաղաքացիներին մասնակցել ուրբաթ օրվա ընդդիմության հանրահավաքին:

«Այս ամենը որեւէ խուճապ մեզ մոտ չի առաջացնում»,֊ - ասել Է Արարատ Զուրաբյանը:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

(Լուսնկարում` «Այլընտրանք» նախաձեռնության ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG