Մատչելիության հղումներ

Աշոտ Շահնազարյան. «Շաքարավազի գնային փոփոխություններ առաջիկա մեկ տարվա ընթացքում չի սպասվում»


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը երեքշաբթի օրը «անհիմն եւ արհեստական» է որակել վերջին օրերին «շաքարավազի շուկայում ստեղծված աժիոտաժը»:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարեց, որ Հանձնաժողովն այսօր ունի «բոլոր հավաստիացումները, որ շաքարավազի դեֆիցիտ Հայաստանում չկա»:

Հայաստան շաքարավազ ներմուծող, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Սալեքս գրուփ» ընկերության (որը պատկանում է Ազգայի ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) ներկայացրած հավաստիացումների համաձայն, հանրապետությունում այսօր առկա է առնվազն 6 ամսվա շաքարավազի պաշար, եւ որ կնքված պայմանագրերի շնորհիվ առնվազն մեկ տարվա ընթացքում շաքարավազի գինը չի բարձրանա:

Շահնազարյանը ասաց, որ «Սալեքս գրուփ»-ը «կապ չունի այս արհեստական խուճապի հետ»` հայտարարելով, որ այսօր նույն տնտեսվարող սուբյեկտին պատկանող «Երեւան սիթի» ցանցի եւ մի շարք այլ խանութներում 220 դրամով շաքարավազ է վաճառվում:

«Արհեստական դեֆիցիտ հենց հիմա էլ կա», - ասաց Շահնազարյանը: - «Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ խանութներում կան շաքարավազի պաշարներ, որոնք երեկ պահվեցին, չվաճառվեցին, որպեսզի վաղը չէ մյուս օրը վաճառեն իրենց իսկ [կողմից] մտացածին 600 դրամով»:

Շահնազարյանի պնդմամբ, «Սալեքս գրուփ»-ը անգամ տուժում է այն հանգամանքից, որ իր խանութներից այսօր մեծ թափով շաքարավազ է սպառվում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «դաշտում մեկ խաղացողի [«Սալեքս գրուփ»-ի] առկայության պայմաններում ո՞ւմ կարող է ձեռնտու լինել շաքարավազի շուկայի աժիտաժը, Աշոտ Շահնազարյանը պատասխանեց. - «Փոքր խանութների աշխատողներին, որպեսզի գերշահույթներ ստանան: Ցանկացած ժամանակ կարելի է այսպիսի աժիոտաժային իրավիճակ ստեղծել... Տեսեք, ովքե՞ր իրենց ձեռքերը տաքացրին այս մեկուկես օրվա ընթացքում... Փոքր խանութների տերերը: Մի մասը պահել են, մի մասը իրացրել են 400 դրամով»:

Շահնազարյանը հայտարարեց, որ Հանձնաժողովը եւս 2-3 օր կհետեւի շուկային, ինչպես նաեւ վերոհիշյալ առեւտրի կետերի վարքագծին, եւ իրավիճակը չշտկվելու պարագայում վարույթներ կհարուցի, եւ խախտում թույլ տվող տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG