Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի նախագահը հերքում է Հայաստան այցը ընդհատելու մասին տեղեկությունը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հերքել է, թե վաղաժամ ընդհատել է Հայաստան կատարած այցը:

«Այցը Հայաստան ավելի երկար տեւեց, քան ծրագրված էր նախապես», - ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ` Թեհրանի օդանավակայանում հայտարարել է Երեւանից վերադարձած Ահմադինեժադը: - «Այն պետք է տեւեր 22 ժամ, սակայն որոշ այցելությունների պատճառով այն տեւեց ծրագրվածից մեկուկես ժամ ավելի»:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, Իրանի նախագահը հավելել է, որ երկու հարեւան պետությունները վճռակամ են համագործակցությունը զարգացնելու հարցում:

Այդուհանդերձ, Ահմադինեժադը այսօր Երեւանից մեկնել է` առանց այցելելու Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կապույտ մզկիթ եւ ելույթ ունենալու Հայաստանի խորհրդարանի նիստում, ինչպես նախապես ծրագրված էր:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երկու երկրների արարողակարգային ծառայությունների կազմած ծրագրի համաձայն` Իրանի նախագահի այցը պետք է ավարտվեր այսօր օրվա երկրորդ կեսին:

Ազգային ժողովի պատգամավորների համար անսպասելի էր, որ Ահմադինեժադի այցը խորհրդարան չեղյալ է հայտարարված: Նիստն սկսվելուց 15 րոպե անց նա պետք է ելույթ ունենար դահլիճում, իսկ դրանից առաջ հանդիպելու էր Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին:

Տիգրան Թորոսյանի հետ հանդիպումը կայացել էր այսօր ավելի վաղ` առավոտյան 9-ին Կառավարության ընդունելությունների տանը: Նախաճաշի սեղանի շուրջ հանդիպմանը ներկա են եղել նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, էներգետիկայի նախարար Վարդան Մովսիսյանը եւ այլք:

Գեղամ Ղարիբջանյանի խոսքերով, զրույցը «բավական ջերմ է եղել», իսկ Իրանի նախագահի պաշտոնական այցը ոչ թե դադարեցվել է, այլ «ծրագրի փոփոխություն է եղել». - «Այսօր առավոտյան ծրագրի որոշակի փոփոխություն եղավ իրանական կողմի խնդրանքով` հավանաբար ներքին խնդիրների հետ կապված: Ծրագրից հանվեցին մի շարք այցելություններ, եւ ժամը 12-ին Իրանի նախագահը մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն»:

«Պատճառը մեզ չի լուսաբանվել», - շարունակեց Գեղամ Ղարիբյանյանը: - «Առավոտյան ես զրույց եմ ունեցել փոխնախարարի հետ, որը փոխանցել է, որ փոփոխություն է տեղի ունեցել, շտապ խնդիրներ կան, եւ իրենք պետք է մեկնեն»:

Լրագրողների համառ հարցերին ի պատասխան, փոխարտգործնախարարը արձագանքեց. - «Իրենք ծրագիրը առավոտյան շատ լուրջ փաստարկներով փոխել են եւ ժամը 12-ին մեկնել են»: Բերված փաստարկների վերաբերյալ նա ասաց, որ «չի կարող ասել լրագրողներին», թեեւ փոխանցեց, որ պատճառը «մեր ղեկավարությանը հայտնվել է», եւ դա «բոլորովին կապ չունի Հայաստանի հետ»:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը խորհրդարանում հրավիրած ճեպազրույցում Իրանի նախագահի այցի ընդհատումը մեկնաբանեց հետեւյալ կերպ. - «Սովորաբար, նման իրավիճակներում պարզապես անհրաժեշտություն է առաջանում, որ երկրի նախագահը տվյալ ժամանակահատվածում լինի իր երկրում»:

Իսկ հարցին, թե իրեն հայտնի՞ է, թե ինչ իրավիճակ է երկրում, Թորոսյանը պատասխանեց. - «Բնականաբար, նման հարց Իրանի ներկայացուցիչների հետ չի քննարկվել: Եվ ընդունված էլ չէ նման հարցեր քննարկել»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թվեց մի շարք շրջանառվող վարկածներ, այդ թվում, թե` «Իրանի ներսում որոշակի պրոբլեմներ են առաջացել` կապված Խամենեիի առողջության հետ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG