Մատչելիության հղումներ

logo-print

Գեւորգ Դանիելյան. «Սեֆիլյանի եւ Մալխասյանի համար բացառություն անելու իրավական հիմքեր չկան»


Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, թե տեղյակ է, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը դիմել են «Երեւան֊Կենտրոն» քրեատարողական հիմնարկում մնալու համար, սակայն տեղափոխվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

«Բացառություն անելու համար իրավական հիմքեր չկային»,֊ - ասել է նախարարը` ավելացնելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խոստացել է «քննարկել եւ պատասխան տալ»:

Ժիրայր Սեֆիլյանը, որը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ապօրինաբար զենք պահելու համար, եւ Վարդան Մալխասյանը, որը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանադրական կարգը բնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչերի համար, գրավոր դիմել էին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Համլետ Խլղաթյանին` խնդրելով իրենց չտեղափոխել այլ մեկուսարան, որպեսզի հարազատների համար հավելյալ դժվարություններ չստեղծվեն տեսակցությունների ժամանակ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինքը դատապարտյալների ցանկության մասին տեղեկացրել է արդարադատության նախարարին:

Ըստ պատգամավորի՝ նախարարը բանավոր խոստացել է աջակցել դատապարտյալներին եւ թողնել նրանց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Սակայն հոկտեմբերի 17-ին՝ նախարարի եւ պատգամավորի բանավոր զրույցից մոտ երկու շաբաթ անց, Սեֆիլյանին եւ Մալխասյանին այդուամենայնիվ տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սովորաբար իրենց պատիժներն են կրում սպայական կոչումներ ունեցող անձինք:

Արդարադատության նախարարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Զարուհի Փոստանջյանի հետ խոսակցություն եղել է, սակայն խնդրանքը հնարավոր չէր կատարել, քանի որ «բացառություն անելու համար իրավական հիմքեր չկային»:

Հոկտեմբերի 17-ին` նոր կալանավայր հասելուն պես, երբ ստուգվում էին Ժիրայր Սեֆիլյանի անձնական իրերը, խոսակցություն է տեղի ունեցել Սեֆիլյանի եւ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Պետրոսյանի միջեւ, որի ընթացքում Սեֆիլյանը հայտարարել է, թե «Հայաստանում դատարաններ ու դատավորներ չկան եւ բոլորը քաղաքական պատվեր կատարող շարքային կաշառակերներ են»:

Միջադեպի մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Սեֆիլյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը: Նրա վկայությամբ՝ հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարին` նշելով, որ դատապարտյալ Սեֆիլյանը «վիրավորանք է հասցրել պետականությանը եւ իր հետ «դու»-ով է խոսել»: Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նկատողություն է հայտարարել Ժիրայր Սեֆիլյանին:

Արա Զաքարյանի կարծիքով՝ նկատողությունը կարող է պատճառ դառնալ, որ Ժիրայր Սեֆիլյանը պայմանական վաղաժամկետ չազատվի պատժի կրումից, ինչը սպասվում էր նոյեմբերին:

Հայաստանի արդարադատության նախարարության` այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ.Բաղդասարյանի 2007 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ, «դատապարտյալ Ժ.Սեֆիլյանը ենթարկվել է տույժի` հայտարարվել է «նկատողություն»` «հիմնարկի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, աշխատակիցների օրինական պահանջները կատարելուց հրաժարվելու համար»:

«Սեֆիլյանը խախտել է նաեւ վարքագծի կանոնների 23 կետի 10-րդ ենթակետը, որը սահմանում է, կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է հակաճառել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում պահպանություն եւ հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից», - ասված է հաղորդագրությունում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG