Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային հարցով նոր բանագնացը մեկնում է Հռոմ


Այսօր Իտալիայի մայրաքաղաքում արեւմտյան երկրների դիվանագետները հանդիպում են Իրանի միջուկային ծրագրի հարցով նորանշանակ բանագնաց Սաիդ Ջալիլիի եւ արդեն նախկին բանագնաց Ալի Լարիջանիի հետ:

Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի եւ միջուկային հարցով ավագ բանագնացի պաշտոններից Լարիջանիի հրաժարականի մասին պաշտոնական Թեհրանն անցած շաբաթ օրն է հաղորդել: Ալի Լարիջանին այս պաշտոնը ստանձնել էր 2005 թվականին՝ նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակից հետո:

Հետայսու Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի եւ միջուկային հարցով ավագ բանագնացի լիազորությունները վերապահված են Սաիդ Ջալիլիին, որին վերլուծաբանները համարում են Ահմադինեժադի հավատարիմ քաղաքական զինակիցը:

Լարիջանին մնում է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անդամ` որպես Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի լիազոր ներկայացուցիչ:

Վերլուծաբանների կարծիքով, Ջալիլիի նշանակումը միջուկային ծրագրով բանագնացի պաշտոնում կարող է վկայել այդ խնդրում Իրանի դիրքորոշման հնարավոր կարծրացման մասին:

Թեհրանի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Սադեղ Զիբաքալամը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Լարիջանիի եւ Ահմադինեժադի միջեւ ի սկզբանե տարաձայնություններ են եղել միջուկային խնդրի շուրջ:

«Ահմադինեժադը միջուկային հարցը միշտ դիտել է որպես մահմեդական հեղափոխություն իրականացրած Իրանի եւ Արեւմուտքի գաղափարախոսական պայքարի մաս, մինչդեռ Լարիջանին դրսեւորել է առավել իրատեսական մոտեցում եւ ընդգծել է, թե հարկ է այնպես գործել, որ միջուկային ծրագիրը չդառնա սպառնալիք Իրանի ազգային անվտանգությանը», - ասել է պրոֆեսոր Զիբաքալամը:

ՄԱԿ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Իսրայելը, արեւմտյան երկրները, նախեւառաջ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, ենթադրում են, որ Իրանը ցանկանում է ատոմային ռումբ ստեղծել, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակներ է հետապնդում:

Լարիջանին այսօր երեկոյան Հռոմում Ջալիլիին կներկայացնի Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանային:

Ենթադրվում է, որ Հռոմում քննարկվելու է ուրանի հարստացման ծրագիրն անհապաղ սառեցնելու մասին ՄԱԿ-ի պահանջը Թեհրանի կողմից անտեսելու հարցը:

Լրատվական գործակալությունները այսօր ավելի մանրամասն տեղեկություններ են հաղորդել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորանշանակ քարտուարի մասին:

Սաեդ Ջալիլին Իրանի եւ Իրաքի պատերազմի տարիներին ծառայել է Հեղափոխական գվարդիայի ջոկատում, եղել է ռազմաճակատում, ավելի ուշ աշխատել է նախ նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, ապա Մոհամադ Խաթամիի արտաքին հարցերով խորհրդական: Հետագայում նշանակվել է գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակի տնօրեն:

Ընտրվելով նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադը Ջալիլիին նշանակել է արտաքին գործերի փոխնախարար Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ հարաբերությունների գծով:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, 50-ամյա Ալի Լարիջանին հին սերնդի հեղափոխականներից է, մինչդեռ, 42-ամյա Ջալիլին ներկայացնում է Ահմադինեժադի շուրջը միավորված առավել երիտասարդ եւ ավելի ագրեսիվ քաղաքական գործիչների սերունդը:

Միջուկային ծրագրի հարցում թե' մեկը եւ թե' մյուսը նույն նպատակն են հետապնդում. տարբերությունը, թերեւս, աշխատաոճի եւ այս կամ այն ղեկավարին անձնական հավատարմության մեջ է:

Լարիջանիին արեւմտյան դիվանագետները համարում են ավելի պրագմատիկ եւ մի քիչ ավելի «արեւմտյան» իմիջով գործիչ, իսկ Ջալիլին «ահմադինեժադական է»՝ պատրաստ է առճակատման Արեւմուտքի հետ:

Ասեկոսեների համաձայն, հենց Ջալիլին է, իբրեւ թե, առաջինը հրապարակավ ասել, որ հրեաների ողջակիզումը միֆ է:

«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության վերլուծաբան Ջամշիդ Բարզեգարի կարծիքով, Ջալիլիի նշանակումը վկայում է Ահմադինեժադի եւ նրան սատարող կարծր դիրքորոշման գործիչների դիրքերի ամրապնդման մասին, ինչը Խամենեիին ստիպում է միջամտել եւ արձագանք տալ:

«Հարցն այն է, թե ինչպե՞ս կարող է գերագույն հոգեւոր առաջնորդը կարգավորել կոնֆլիկտը: Թվում է, թե այս պահին իրավիճակն ավելի բարենպաստ է Ահմադինեժադի համար, ինչը Խամենեիին ստիպել է տեղի տալ եւ զոհաբերել Լարիջանիին», - ասել է վերլուծաբան Բարզեգարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG