Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի հանդիպումները ԱՄՆ֊-ում


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակությունը երեկ Վաշինգտոնում մասնակցել են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին:

Այնուհետեւ, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը Դաշնակցության բյուրոյի անդամ Կարո Արմենյանի հետ, որի ընթացքում քննարկված հարցերի շարքում անդրադարձ է եղել նաեւ ամերիկահայ կազմակերպությունների գործունեությանը:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահ Քեն Ուոլաքի հետ: Հայաստանի վարչապետը ներկայացրել է երկրում ընտրական գործընթացների բարելավումը շարունակելու եւ քաղաքական դաշտը կատարելագործելու ուղղությամբ իշխանությունների ջանքերը, կառավարության ծրագրերը` տնտեսական աճի եւ բարեփոխումների ապահովման հարցերում:

Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մեծամասնության ղեկավար, սենատոր Հարի Ռիդի եւ դեմոկրատական խմբակցության համակարգող Ռիչարդ Դըրբինի հետ: Սենատոր Ռիդը Հայաստանի վարչապետին է ներկայացրել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ընթացքը, այդ հարցում ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի դիրքորոշումը:

Սերժ Սարգսյանը Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ անկախության հռչակումից ի վեր Հայաստանին ցուցաբերած օժանդակության եւ Հայաստանի խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Այսօր` Միացյալ Նահանգներ այցի վերջին օրը, Հայաստանի վարչապետը Պետդեպարտամենտում առանձնազրույց կունենա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, կմասնակցի հայ - ամերիկյան աշխատանքային խմբի նիստին եւ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցելուց հետո կմեկնի Փարիզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG