Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բաղդադ


Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այսօր ժամանել է Բաղդադ` հորդորելու Իրաքի իշխանություններին միջոցներ ձեռնարկել երկրի հյուսիսում քուրդ ապստամբների գործողություններին վերջ տալու համար:

Բաղդադ մեկնելուց առաջ Բաբաջանն ասել է, որ Թուրքիան Իրաք ներխուժելուց առաջ ամեն ինչ կանի հարցը բանակցությունների միջոցով լուծելու համար:

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը նշել է. - «Դիվանագիտությունը, երկխոսությունը եւ քաղաքական միջոցները ահաբեկչության դեմ պայքարելու միակ գործիքը չեն: Ռազմական գործողությունները նույնպես ահաբեկչության դեմ պայքարի միջոց են»:

Այսօր Բաբաջանը հանդիպել է իրաքցի պաշտոնակից Հոշիյար Զեբարիի հետ, ով հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրաքը կօգնի Թուրքիային քուրդ գրոհայիններից բխող սպառնալիքը հաղթահարելու հարցում:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի որեւէ կուսակցություն կամ կազմակերպություն, այդ թվում` Քրդական աշխատավորական կուսակցությունը, թունավորի մեր հարաբերությունները», - ասել է Զեբարին` հավելելով. - «Ես [Թուրքիայի արտգործնախարարին] հավաստիացրել եմ, որ Իրաքի կառավարությունը ակտիվորեն կօգնի Թուրքիային այս սպառնալիքը հաղթահարելու գործում»:

Երեկ ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը առաջարկել էին հաջորդ ամիս ԱՄՆ֊-ի, Թուրքիայի եւ Իրաքի պաշտոնյաների մասնակցությամբ Ստամբուլում քննարկել քուրդ զինյալների գրոհները դադարեցնելու ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG