Մատչելիության հղումներ

Կառավարությունը առաջարկում է ստեղծել պաշտոնյաների հանցագործությունները քննող հատուկ ծառայություն


Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի օրը քննարկեց կառավարության ներկայացրած մի օրինագիծ, որով նախատեսվում է ստեղծել հատուկ քննչական ծառայություն:

Նախկինում նմանը չունեցած հատուկ քննչական այս ծառայությունը, կառավարության ներկայացրած նախագծի այս տեսքով, իրականացնելու է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայողների հանցագործությունների, ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերի նախաքննությունը: Ծառայության աշխատակիցներին նշանակում եւ ազատում է ծառայության պետը, իսկ վերջինիս` հանրապետության նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Օրենքը ընդունվելու դեպքում գործելու է դեկտեմբերի 1-ից: Նման հրատապությունը նախագիծը զեկուցող` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պայմանավորեց նրանով, որ դեկտեմբերի 1-ից դատախազությունը նախաքննությամբ չի զբաղվելու, իսկ հանձնաժողովում պատճառաբանություն հնչեց, որ մոտ 12 քննիչ դրա արդյունքում գլխավոր դատախազությունում դուրս է մղվելու:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հանրապետական նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը բազմաթիվ վերապահումներ հայտնեցին նախագծի առնչությամբ: Մասնավորապես, ինչպես ընդգծեցին նրանք, Սահմանադրությամբ այսպիսի մարմնի ստեղծում նախատեսված չէ:

«Չի կարող լինել մարմին, որ չլինի ո’չ դատական, ո’չ օրենսդիր, ո’չ գործադիր», - շեշտեց Դավիթ Հարությունյանը:

Ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերվեց լրացուցիչ համատեղ աշխատել նախագծի վրա:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG