Մատչելիության հղումներ

logo-print

Իրանն ու Հայաստանը վերահաստատում են երկկողմ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի օրը վերահաստատել են երկու երկրների միջեւ «փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը»:

Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հայաստանի նախագահի հրավերով:

Ինչպես տեղեկացնում է նախագահ Քոչարյանի մամլո գրասենյակը, Հայաստանի նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը. - «Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ - իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ` գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաեւ` հուշագրեր երկու երկրների Կենտրոնական բանկերի միջեւ` բանկային վերահսկողության մասին, Զարգացման հայկական գործակալության եւ Իրանի ներդրումային, տնտեսական եւ տեխնիկական աջակցության կազմակերպության միջեւ` ներդրումային համագործակցության խրախուսման մասին, Հայաստանի հողմաէլեկտրակայանների կառուցման ծրագրի մասին:

«Հատուկ կցանկանայի նշել էներգետիկայի ոլորտի ծրագրերը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Քոչարյանը` նշելով, որ այս ծրագրերը պետք է փոխշահավետ լինեն:

Իրանի նախագահը, իր հերթին, հայ - իրանական հարաբերությունները որակեց «զարգացող, կայուն, ամուր հարաբերություններ»:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Ահմադինեժադը ասաց. - «Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է խաղաղ մթնոլորտում ապրեն: Որեւէ խնդիր չկա, որ հնարավոր չլինի բանակցությունների միջոցով լուծել»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG