Մատչելիության հղումներ

«Իրանին ձեռնտու չէ շատ հզոր Ադրբեջան»


Հռոմում տեղակայված Power and Interest News Report վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ֆեդերիկո Բորդոնարոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ այսօր սկսված հայաստանյան այցին, նախ հիշատակել է անվանի ամերիկացի քաղաքագետ Սեմուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» աշխատությունը եւ ասել. - «Ի հեճուկս նմանօրինակ թեզերի հետեւորդների ակնկալիքների, այս դեպքը (հայ-իրանական հարաբերությունները) վկայում է, որ ոչ այնքան քաղաքակրթություններն են դրդում կազմել դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություններ, որքան ընդարձակ աշխարհաքաղաքական համաձայնությունները»:

Իտալացի վերլուծաբանի կարծիքով, Իրանին «ձեռնտու չէ շատ հզոր Ադրբեջան». - «Նախ այն պատճառով, որ Ադրբեջանը ամերիկամետ է, բացի այդ, Իրանի ազերիների փոքրամասնությունը կարող է մարտահրավեր նետել Թեհրանի կենտրոնական իշխանություններին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Ահմադինեժադը Երեւան է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցից կարճ ժամանակ անց, ուստի, հնարավո՞ր է խոսել եռակողմ հայ-իրանա-ռուսական համագործակցության մասին», վերլուծաբան Բորդոնարոն ասել է. - «Ռուսաստանի համար Հայաստանը եւ Իրանն այն առանցքն է, որը թույլ կտա ռուսական ազդեցության գոտին հասցնել մինչեւ Պարսից ծոց: Եվ, իհարկե, հարկ է հիշել, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ էլ նույն խնդիրներն ունի, որովհետեւ Ադրբեջանը Ռուսաստանի փոխարեն հետզհետե կողմնորոշվում է դեպի Արեւմուտք եւ ՆԱՏ0»:

«Ռուս-հայկական-իրանական ռազմավարական գործընկերությունը էներգետիկ անվտանգության, էներգետիկ ծրագրերի, հետախուզական տեղեկությունների փոխանակման բնագավառներում չափազանց օգտավետ է Ռուսաստանի համար այն դեպքում, եթե Ռուսաստանը ցանկանում է կանխել ԱՄՆ-ի ներթափանցումը Հարավային Կովկաս», - ասել է Power and Interest News Report վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ֆեդերիկո Բորդոնարոն:

«Այս պահին Մոսկվայում Իրանը ավելի շատ դիտում են համագործակցող, քան մրցակցող երկիր Հայաստանում, բայց միջնաժամկետ հեռանկարի առումով, Իրանը Կասպիցի տարածաշրջանում Ռուսաստանի համար կարող է մրցակից դառնալ, ուստի, չեմ բացառում, որ Ռուսաստանը վերանայի Իրանի հետ համագործակցությունն այն դեպքում, եթե, օրինակ, ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնի Արեւելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում առկա որեւէ խինդրի շուրջ», - ասել է նա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG