Մատչելիության հղումներ

Թուրքիան չի հրաժարվում Իրաք մտնելու ծրագրից


Չնայած միջազգային աննախադեպ ճնշմանը` պաշտոնական Անկարան չի հրաժարվում քուրդ զինյալների դեմ Իրաքի տարածքում ռազմական գործողություններ սկսելու գաղափարից: Իրավիճակն է’լ ավելի սրեց երեկ Իրաքին սահմանակից Հաքյարի թուրքական նահանգում տեղի ունեցած արյունալի ընդհարումը, որին զոհ գնաց շուրջ մեկուկես տասնյակ թուրք զինվորական եւ երեք տասնյակ քուրդ զինյալ:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այսօր վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի` քրդերի դեմ ռազմական գործողությունների տեղափոխումը Իրաքի տարածք գրեթե անխուսափելի է:

«Թուրքիան պատրաստ է ցանկացած գին վճարել իր պետական շահերը, տարածքային ամբողջականությունն ու իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Պաշտոնական Անկարան իրաքցի քրդերից պահանջում է զինաթափել եւ Թուրքիային հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին. թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով, Հյուսիսային Իրաքում դիրքավորվել է Քրդական աշխատավորական կուսակցության շուրջ 3,5 հազար զինյալ:

Այդ պահանջի կատարումը Իրաքում համարում են անիրական:

Մասնավորապես, Իրաքի նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանին երեկ ասել է. - «Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդները անանցանելի լեռներում են: Չնայած իր հզորությանը` թուրքական բանակը չի կարողանում նրանց գերեվարել, եւ այս պարագայում հարց է ծագում, թե ինչպե՞ս ենք մենք նրանց ձերբակալելու եւ հանձնելու թուրքական կողմին»:

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին էլ զգուշացրել է, որ եթե թուրքական ստորաբաժանումները հատեն թուրք - իրաքյան սահմանը, ընդհարումներում կարող են ներգրավվել նաեւ իրաքցի քրդերի ստորաբաժանումները. - «Մենք ընդհարումներին չենք մասնակցի, բայց եթե հարձակման թիրախ դառնա իրաքյան Քուրդիստանը` միանշանակորեն պաշտպանելու ենք մեր քաղաքացիներին»:

Կիրակի օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ` խնդրելով նրան գոնե մի քանի օրով հետաձգել Իրաքի հյուսիսում ծրագրված հարձակումը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG