Մատչելիության հղումներ

Շաբաթ երեկոյան Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12- րդ ռաունդում տեխնիկական նոքաուտով հաղթանակ տարավ ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթեւ քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Asian Pacific-ի (Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան գոտու) չեմպիոնի կոչումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վախթանգ Դարչինյանը նշեց, որ գոհ է անցկացրած մենամարտից: «Կարծում եմ, լավ մենամարտ ստացվեց: Մրցակիցս ուժեղ էր եւ արժանի չեմպիոնական մենամարտ անցկացնելու: Չէի ցանկանում շտապել եւ կրկնել նախորդ մենամարտի սխալները», - ասաց բռնցքամարտիկը:

Վախթանգը նշեց, որ ամբողջ մենամարտի ընթացքում զգացել է հազարավոր երկրպագուների աջակցությունը: Առաջին անգամ նրան «երկրպագում էր» որդին` Դավիթը, ով արդեն 3 ամսական է: Մարզադահլիճում էր նաեւ անվանի ծանրորդ Յուրի Սարգսյանը:

IBF վարկածով Asian Pacific-ի չեմպիոնի կոչումը Վախթանգին թույլ է տալիս ձեռնոց նետել նույն վարկածով աշխարհի չեմպիոնին: Չի բացառվում, որ Դարչինյանի հաջորդ մրցակիցը դառնա աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովը:

Վախթանգ Դարչինյանն ասաց, որ իր նպատակն է ռեւանշ-մենամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, ում ամիսներ առաջ պարտվեց եւ կորցրեց IBO եւ IBF վարկածներով թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտիները: Նա պատրաստ է եւս մեկ անգամ փոխել քաշային կարգը` միայն թե հանդիպի Դոներին:

Պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգ Դարչինյանն անցկացրել է 30 մենամարտ, տոնել 29 հաղթանակ, որոնցից 23-ը` նոքաուտով: Հաջորդ անգամ, ամենայն հավանականությամբ, նա ռինգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում` փորձելով եւս մեկ չեմպիոնական գոտի նվաճել:

Բռնցքամարտիկն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պատրաստվում է մեկ շաբաթ հանգստանալ, ինչից հետո կվերսկսի մարզումները:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG