Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյանը Անկարայում կմասնակցի ՍՏՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 25-ին Անկարայում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը:

Նիստը նախագահելու է ՍՏՀԿ-ի ներկայիս նախագահող Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Բացման խոսքով հանդես կգա Թուրքիայի ներկայիս նախագահ եւ նախկին արտգործնախարար Աբդուլա Գյուլը:

Հանդիպմանը նախատեսվում է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությունը:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ նիստի մասնակիցները կընդունեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հունիսի 25-ի ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրի իրականացմանն առնչվող կարեւոր որոշումներ, ինչպես նաեւ կքննարկեն կազմակերպության գործունեության առաջընթացի վերաբերյալ ՍՏՀԿ-ի գլխավոր քարտուղար, դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի կողմից ներկայացվելիք զեկույցը:

Նիստին նախորդող երկու օրերին նախատեսված են կազմակերպության անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG