Մատչելիության հղումներ

Նիկոլայ Ռիժկով. «Եթե ամերիկացիները ճանաչեն ցեղասպանությունը, դա խթան կհանդիսանա այլ երկրների համար»


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր Երեւանում կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ամերիկյան Կոնգրեսի կողմից «խթան կհանդիսանա այլ երկրների համար»:

«Չգիտեմ, ամերիկացիներն այդ գործը կհասցնե՞ն տրամաբանական ավարտին, բայց դրական եմ գնահատում: Եթե ամերիկացիները դա անեն, մի շարք եվրոպական երկրներ ավելի դինամիկ կզբաղվեն այս հարցով»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Նիկոլայ Ռիժկովը:

«Իմ անձնական կարծիքը վաղուց է հայտնի: Ամերիկացիները միայն այսօր են սկսել այդ գործով զբաղվել, իսկ Ռուսաստանի Պետդուման ընդունել է նման բանաձեւ 95 թվականին, ես այն ժամանակ Պետդումայի պատգամավոր էի, կողմ եմ քվեարկել»,֊ - հիշեցրել է նա:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի վերադարձին քաղաքական ասպարեզ` Նիկոլայ Ռիժկովն ասաց. - «Այո, ծանոթ եղել եմ նրա հետ, բայց դա ջերմ ծանոթություն չէր: Այն, որ ունեմ ներկայիս նախագահի հետ, լրիվ այլ է: Այո, ես հանդիպել եմ նրա հետ եւ այլն, բայց մեր շատ հայացքներ այն ժամանակ չէին համընկնում, թվարկելը երկար ժամանակ կտեւի: Լսել եմ, որ պատրաստվում է առաջադրվել, չնայած չեմ հասկանում, թե ինչ ուժեր են նրա թիկունքին կանգնած: Նախագահ դառնալու համար շատ լուրջ կուսակցական, հասարակական ուժեր պետք է ունենալ: Այսօր հետաքրքրվել եմ՝ որքա՞ն ձայն ուներ այլ ընտրություններում ՀՀՇ֊-ն, դե մեկ տոկոս: Դա արդեն լուրջ չէ»:

Հայ֊-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ ասուլիսում «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե գործունեության ի՞նչ ընթացքի մեջ են պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված գործարանները, Նիկոլայ Ռիժկովը պատասխանեց. - «Կարծում եմ, դրական երեւույթներ էլ կան, բայց, իմ կարծիքով, այս հարցին պետք է էլի վերադառնալ քննարկումներում: Կան մի շարք կետեր, որտեղ պարտքի առումով որոշումն ընդունելիս մեր ունեցած հույսերը չարդարացան: Դրա համար, գուցե, մեր նիստերից մեկը կարելի է եւ պետք է նվիրել այս հարցի քննարկմանը: Տարի֊ուկես առաջ մենք զբաղվել ենք «Մարս»-ով, այլ խնդիրներով: Կան որոշակի առաջարկություններ, բայց դրանք, դժբախտաբար, տրամաբանական ավարտին չեն հասցվել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG