Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին:

Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել Ժան-Կլոդ Գոդենի հետեւողական գործունեությունն ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի: Մարսելի քաղաքապետը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին արծարծողներից է եւ մեծ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները արձանագրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջող ավարտը, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մարսելում:

Քաղաքապետը ցանկություն է հայտնել հայ - ֆրանսիական բարեկամությունն ավելի ամրապնդված տեսնել` պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ գործադրել հնարավոր բոլոր ջանքերը:

Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան է ժամանել ֆրանսիացի ձեռներեցների ներկայացուցչական պատվիրակություն, որի նպատակն է խթանել տնտեսական գործակցությունը, ակտիվացնել ֆրանս - հայկական առեւտրական պալատի հետ հարաբերությունները:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում գործում են ֆրանսիական մի քանի լուրջ ընկերություններ, որոնց աշխատանքից հայկական կողմը շատ գոհ է:

Հայ - ֆրանսիական հարաբերություններում Ռոբերտ Քոչարյանն առանձնահատուկ դեր է վերապահել Մարսելի բավականին հզոր եւ կազմակերպված հայ համայնքին, որը, Ժան-Կլոդ Գոդենի խոսքով, շատ լավ ինտեգրված է հասարակությանը եւ մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG