Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում, որում ամերիկացի կոնգրեսականներին կոչ է անում չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը:

«Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են կրել վիթխարի բեռնվածություն եւ դիմանալ մեծ ճնշման: Սակայն եթե ճնշումը ուղղվում է հենց կրիտիկական կետին` ամբողջ սարդոստայնը կարող է ոչնչանալ», - գրում է Թուրքիայի վարչապետը` հավելելով. - «Մեր պետությունները կապակցող փոխադարձ շահերի սարդոստայնը թելադրում է, որպեսզի մենք անենք ամեն հնարավորը` այն անվնաս պահելու համար մի ժամանակաշրջանում, երբ երկու կողմերն էլ միմյանց կարիքն ունեն առավել քան երբեւէ»:

Հույս հայտնելով, թե «առողջ բանականությունը կհաղթի, քանի որ դրա այլընտրանքը չի բխի ո’չ ԱՄՆ-ի եւ ո’չ էլ Թուրքիայի շահերից», Էրդողանը գրում է. - «Հետեւաբար, ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների ժողովրդի ներկայացուցիչներին` ցուցաբերել պետական մտածողություն եւ խորաթափանցություն, որոնք պահանջվում են Թուրքիայի հետ ԱՄՆ-ի` ժամանակի փորձությանը դիմացած գործընկերությունը այն ինքնավնասակար շրջադարձից փրկելու համար, որին կարող է հանգեցնել Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի հետագա առաջխաղացումը»:

Թուրքիայի վարչապետը հոդվածում ներկայացրել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցում իր երկրի պաշտոնական տեսակետը եւ հիշեցրել անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` Հայաստանին արած իր առաջարկը, գրելով. - «Թուրքիան միշտ եղել է ձիթենու ճյուղը պարզողը: Բայց մինչ մենք այդ ցավոտ խնդիրը լուծելու եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ուղիներ ենք փնտրում, մենք չենք կարող ապրել անցյալում: Երկխոսության եւ հաշտեցման մեր անկեղծ առաջարկը սեղանին է: Հաջորդ քայլը պետք է անի Հայաստանը: Մենք նաեւ չենք կարող թույլ տալ, որպեսզի այդ հարցը, որքան էլ այն ցավոտ լինի, մթագնի մեր ապագան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG