Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթսը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության բանաձեւի կապակցությամբ


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ մտահոգություն է հայտնել, թե Կոնգրեսում ներկայումս շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը կարող է վնասել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին:

«Այն կարող է իրական վնաս հասցնել Իրաքում տեղակայված մեր զորքերին եւ լարվածություն առաջացնել, գուցեեւ` անդառնալիորեն, ահաբեկչության դեմ ավելի մեծ պատերազմում եւ կենսական նշանակության տարածաշրջանում առանցքային դաշնակցի հետ մեր հարաբերություններում», - հայտարարել է Գեյթսը:

Հիշեցնելով, որ անցյալ տարի ֆրանսիական խորհրդարանում նմանօրինակ մի օրինագծի ընդունմանը Թուրքիան արձագանքեց Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության դադարեցմամբ, Ռոբերտ Գեյթսը ասել է, թե թիվ 106 բանաձեւի հնարավոր ընդունմանը Թուրքիայի նույնպիսի արձագանքի դեպքում Միացյալ Նահանգների «պատերազմական ջանքերը մեծապես կտուժեն»:

«Չեմ կարծում, թե թուրքերը անկեղծ չեն: Կարծում եմ, դա կարեւոր նշանակություն ունի նրանց համար: Իմ կարծիքով, նրանք կանխատեսում են հետեւանքներ` կապված փոխհատուցումների, գուցե նաեւ սահմանների հետ», - ընդգծել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:

Բանաձեւի ընդունման դեպքում Ռոբերտ Գեյթսը Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանի` ԱՄՆ-ի կողմից օգտագործման հնարավորության սահմանափակման «շատ իրական վտանգ» է տեսնում: Նա նշել է, որ Իրաք ուղարկվող ամերիկյան օդային բեռների 70 տոկոսը, վառելիքի մեկ երրորդը եւ զրահապատ մեքենաների 95 տոկոսը անցնում է Ինջիրլիքով:

Միաժամանակ, Պենտագոնի մամլո ծառայության փոխանցմամբ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտնել է, որ նույն օրը կայացած` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը չի բարձրացվել ո’չ իր եւ ո’չ էլ Հայաստանի վարչապետի կողմից:

Գեյթսը նաեւ Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Իրաքի տարածքում ռազմական գործողություններից, որոնք կարող են «միջազգային ճգնաժամ ստեղծել եւ է’լ ավելի ապակայունացնել իրավիճակը Իրաքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG