Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը Պենտագոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի հետ:

Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին` Հայաստանի զինված ուժերին շարունակական օգնություն ցուցաբերելու համար:

Ռոբերտ Գեյթսը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական կոալիցիայում, ինչպես նաեւ հայկական ուժերի խաղաղարար առաքելությունն Իրաքում:

Խոսելով հարավկովկասյան երկրներին ամերիկյան ռազմական օգնության հատկացման հարցի շուրջ` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, կարեւորել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության համաչափության պահպանման խնդիրը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ վարչապետ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է փոխզիջումների միջոցով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ եւ արագ կարգավորման համոզված կողմնակիցը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող քննարկումները եւ երկխոսությունը կտան անհրաժեշտ արդյունք:

Ռոբերտ Գեյթսը մեկ անգամ եւս վերահաստատել է, որ ԱՄՆ֊-ը աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում հարցը խաղաղ կարգավորման տանելու ջանքերին:

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնակայան, որտեղ կայացել է Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ:

Դեսպան Դանիլովիչը խոսել է նոյեմբերին կայանալիք «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կառավարման խորհրդի նիստի մասին, որտեղ քննարկվելու են մասնակից երկրների տարեկան կատարողականները՝ նշելով, որ ըստ նախնական զեկույցի, գրասենյակը դրական է գնահատում Հայաստանի 2007 թվականի կատարողականը:

Հայաստանի վարչապետը նկատել է, որ ըստ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` երկրների զարգացման 2007 թվականի դասակարգման, Հայաստանն անցել է «ցածր եկամտի երկրից» դեպի «միջին եկամտի երկիր», ինչը Հայաստանին առավել ակտիվ ու հետեւողական աշխատանքի է մղում:

Ջոն Դանիլովիչը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի առաքելությունը ոչ թե նորանոր երկրներ ընդգրկելն է, այլ արդեն իսկ ընտրված երկրների խնդիրների վրա կենտրոնանալը: Այս տեսանկյունից նա կարեւորել է իրականացվող ծրագրին զուգահեռ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի երկրորդ ծրագրի հնարավորության շուրջ աշխատանքը: Դեսպան Դանիլովիչը նկատել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը բավական դրական է տրամադրված օրենսդրական փոփոխություն կատարելու հարցում, որը թույլ կտար անդամ երկրներին օգտվել այդ հնարավորությունից: Սերժ Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշված գործընթացին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրվա երկրորդ կեսին Սպիտակ տանը կայացել է վարչապետ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ - ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակ:

Նախատեսվածից ավելի երկար տեւած հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եւ Հայաստան - Թուրքիա հարաբերություններին:

Ռիչարդ Չեյնին բարձր է գնահատել ամերիահայ համայնքի դերը եւ ողջունել է այն փաստը, որ Հայաստանի վարչապետն իր ամերիկյան այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է նշանակել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան Վաշինգտոնից մեկնել է Լոս Անջելես, որտեղ այսօր նախատեսվում են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները «Լոս Անջելես Թայմս» թերթի խմբագրական խորհրդի, «Լինսի» հիմնադրամի, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ:

(Լուսանկարում` Սերժ Սարգսյան եւ Ջոն Դանիլովիչ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG